կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-22 15:13
Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունն ամփոփումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել մինչ օրս. քաղաքագետ

ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունն ամփոփումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել մինչ օրս. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` մոտ երկու շաբաթ առաջ տարածած հայտարարությունն ամփոփումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել մինչ օրս. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` հավելելով, որ հայտարարությունում անդրադարձ կար վերջին ժամանակաշրջանում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից արտահայտված դիրքորոշումներին:

Անդրադառնալով նոր իշխանությունների` Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում որդեգրած քաղաքականությանը` նա ասաց, որ հիմնական տարբերությունն այն է, որ վարչապետ  Փաշինյանը հստակ շեշտադրում է այն տեսակետը, որը մինչ այդ ներկայացված է եղել փորձագիտական շրջանակների կողմից, այն է` Արցախը պետք է անմիջականորեն, այլ ոչ թե միջնորդարվորված ներկայացված լինի բանակցային գործընթացում:

«Ադրբեջանցիների համար ցավալի է, իհարկե, որ Արցախը կարող է բանակցային կողմ դառնալ: Ադրբեջանի ներքաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվում է նաև «Սասնա ծռեր»-ի կողմից առաջ քաշված նախաձեռնությունը` կապված Արցախը Հայաստանի մարզ հռչակելու հետ: Դա վտանգավոր թեզ է, որովհետև հարց է առաջանում` էլ ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները։ Երկորդը մանդատային տարբերակն է, բայց այստեղ էլ է հարց առաջանում, թե պատրա՞ստ է,  արդյոք, Արցախը հանդես գալ որպես միջազգային տարածք, և որն է լինելու այն միջազգային կազմակերպությունը, որ պարտավորվելու է ստանձնել մանդատը»,- նշեց քաղաքագետը:

Yerkir.am-ի հարցին, թե Արցախի ներքաղաքական կյանքում ի՞նչ զարգացումներ կարող են լինել` հաշվի առնելով Սամվել Բաբայանի աղմկահարույց հայտարարությունը, Մարգարովն արձագանքեց, որ Արցախում այժմ ակտիվանում են տարբեր միտումներ ու պայքարելու ցանկություն ունենցող քաղաքական ուժեր:

«Չմոռանանք, որ 2019-ը Արցախում ընտրություննների տարի է: Բաբայանն այս կամ այն կերպ ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, հետևաբար` առաջ է քաշում իր մոտեցումները: Հարց է` ինչքանով են այդ մոտեցումներն ընդունելի արցախահայություն համար: Իսկ դրա պատասխանը մենք աստիճանաբար ստանում ենք, երբ տեսնում ենք ֆլեշմոբները, ընդհանրացված արձագանքները, որ չեն համընկնում Բաբայանի մոտեցման հետ: Ոչ ոք չի հերքում, ու բոլորն են հիշում, որ նա իր վաստակն ունի ազատագրական պայքարում, պարզ է, որ նրան հիշում են, բայց հիշելը դեռևս բավարար քաղաքական կապիտալ չէ, որը կարող է վերածվել համապատասխան ձայների, որոնք անհրաժեշտ են այս կամ այն պաշտոնին հավակնելու համար»,- ամփոփեց քաղաքագետը: