Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օսմանյան կայսրության դարաշրջանում Արևելասևծովյան (Պոնտոսի-Ակունքի խմբ․) շրջանում գաղտնի քրիստոնեություն դավանող բազմաթիվ ծպտյալ քրիստոնյաներ են եղել։ Մի համառոտ ակնարկով անդրադառնանք նրանց տների գետնահարկերում կառուցված մատուռներում կրոնական արարողություններ իրականացրած այդ թաքուն քրիստոնյաներին։
Գաղտնի քրիստոնեությունը այն պատմական իրադարձության անվանումն է, որը վերաբերում է օսմանյան դարաշրջանում Տրապիզոնի Մաչկա գավառի և հյուսիսում՝ Գյումյուշխանեի Քրոմ, Յաղլըդերե, Ստավրի, Զիգանա, Սանտա, Թորուլ գյուղերում և շրջակա բնակավայրերում ապրած ու օսմանյան գրանցամատյաններում որպես մուսուլման արձանագրված, բայց իրականում քրիստոնեություն դավանած ժողովրդին, ինչպես նաև՝ 1857 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած այն պատմական դեպքին, երբ 44 հոգևորականներ (մուսուլման-Ակունքի խմբ․) հայտարարեցին, որ իրենք գաղտնի քրիստոնյաներ են, և այդ փաստը բացահայտվեց, երբ նրանք եվրոպական երկրներին իրենց վիճակը նկարագրելու նպատակով դիմել էին Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը։
Թեև գյուղերի իմամները մզկիթում նամազ էին անում, սակայն գրեթե բոլոր գյուղերում՝ տների ներսում կամ պարտեզում գաղտնի մատուռներ կային, որտեղ բնակիչները թաքուն քրիստոնեություն էին դավանում և իրենց հանգուցյալներին գիշերները թաղում, որպեսզի ուշադրություն չգրավեն։ Մարդիկ թե՛ իսլամական և թե՛ քրիստոնյա անուններ ունեին, իսկ իրական կրոնը թաքցնելու պատճառները հետևյալն էին․ ոչ մուսուլմանների համար ծանր հարկային բեռ էր սահմանված, բացի այդ՝ նրանք չէին ցանկանում, որ իրենց զավակները մանկահավաքի զոհ դառնան:
Այս խնդրին կարելի է ծանոթանալ Յորգո Անդրեադիսի «Գաղտնի քրիստոնյաները» գրքում, որն անդրադառնում է օսմանյան ժամանակաշրջանում Սեւծովյան շրջանի բնակչությանը։ Գիրքը թեև հակիրճ է, սակայն շատ ուշագրավ պատմություններ և սերնդեսերունդ փոխանցված տեղեկություններ է պարունակում։ Գրքի հեղինակի հորական տատիկը Հունաստան է եկել հին անվամբ Քրոմնի կոչվող շրջանից (Գյումյուշխանեի և Տրապիզոնի միջև ընկած հատվածում էր գտնվում), Լոզանի պայմանագրով նախատեսված բնակչության փոխանակման ժամանակ։ Ըստ իս, չնայած հեղինակը հույն է, բայց և այնպես, հնարավորինս անկողմնակալ է այս հարցում։ Մինչև իսկ գրքի վերջաբանում ինքնաքննադատությամբ է հանդես եկել։
Նա նշում է, որ գաղտնի քրիստոնյաները մահմեդականություն են ընդունել ոչ միայն ահից դրդված, այլ նաև՝ դրանից բխող առավելություններից օգտվելու նպատակով (նման մարդիկ հանքավայրերում էին աշխատում, իսկ հանքատերերը միայն մուսուլմաններին էին աշխատանքի ընդունում)։
Հեղինակը հետևյալ հարցն է տալիս․ «Բարեպաշտնե՞ր, թե՞ երկերեսանիներ․ նրանք հռոմեական բռնատիրության ժամանակ գետնահարկերում ապրողների նման հավատարի՞մ քրիստոնյաներ էին, թե՞ պատեհապաշտներ», և որպես պատասխան նշում, որ այս երկու իրողություններն էլ նկատելի էին։ Այսպես, օրինակ, այս տարածքում բացահայտ իրենց կրոնը դավանող քրիստոնյաներ կային։ Թեև այս երկու շրջանակները միմյանց ճանաչում էին, սակայն ոչ մի դեպքում չէին մատնում։ Անհավատալի՜ դրություն․ յուրաքանչյուր տան գետնահարկում գոյություն է ունեցել սրբատեղի։ Ամեն մեկը թե՛ մուսուլմանական և թե՛ քրիստոնեական անուններ է ունեցել։ Քանի դեռ նրանց երեխաները փոքր են եղել, այս մասին նրանց չեն ասել և այլն։
1650 թ․ որպես մուսուլման ճանաչված գաղտնի քրիստոնյաները 200 տարի անց սկսում են իրենց ինքնությունը բացահայտել, քանի որ հանքավայրերը փակվել էին, և նրանք գործազուրկ էին մնացել, բացի այդ՝ ստիպված էին բանակում ծառայել։ Հարկ է նշել, որ հանքահորերի բանվորներն ազատված էին բանակ զորակոչվելու պարտավորությունից (տվյալ ժամանակաշրջանի Անգլիայի հյուպատոսի կողմից կենտրոն հղված նամակներում հաղորդվում է, որ այդ անձինք պատեհապաշտներ են, և որ իրեն համոզիչ չի թվացել, թե նրանք ցանկանում են միայն բանակից ճողոպրել)։
Գաղտնի քրիստոնյաների մեջ եղել են նաև օսմանյան մոլլաներ։ Մարդը գաղտնի քրիստոնյա է, բայց մզկիթում մուսուլմաններին քարոզ է կարդում և նամազ անել տալիս։
Գրքում հետևյալ ծիծաղաշարժ դեպքին է անդրադառնում հեղինակը․ «Երբ որ գաղտնի քրիստոնյաներն սկսեցին իրենց ինքնությունը բացահայտել, Օսմանյան պետությունն այդ շրջաններում վարչական կոմիտեներ հիմնեց՝ այդ անձանց գրանցելու նպատակով։ Կոմիտեն բաղկացած էր կայմակամից (գավառապետ-Ակունքի խմբ․), զինվորական հրամանատարից և մոլլայից։ Տրապիզոն նահանգի Ջևիզլիք թաղամասում ևս նման կոմիտե էր գործում, որն արձանագրում էր դիմած գաղտնի քրիստոնյաներին։ Մի օր որոշեց փակել գրանցամատյանները, քանի որ այլևս դիմող չէր մնացել։ Մոլլա Վաիզօղլուն ասաց․ «Դեռևս վաղ է, մի փոքր էլ սպասենք»։ Որոշ ժամանակ էլ են սպասում, բայց ոչ ոք չի գալիս։ Այնժամ մոլլան ասում է․ «Ինձ նույնպես գրանցե՛ք՝ Գեորգիոս Կիրիտտոպուլոս, քափըքյոյցի քահանա»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net