Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականն իր շաբաթօրյա համարում Life խորագրի ներքո հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտքերն իր առօրյայի, գիտական, դիվանագիտական գործունեության, փոփոխվող աշխարհի, կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ: Այս խորագրի ներքո պարբերականը սովորաբար ներկայացնում է հայտնի պետական, քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների մտորումներն ու առօրյան:
Համաշխարհային մեդիադաշտում և միջազգային քաղաքական ու տնտեսական շրջանակներում մեծ կշիռ ունեցող այդ լրատվամիջոցում նման հոդվածով հանդես գալու առաջարկությամբ ամիսներ առաջ նախագահ Սարգսյանին էր դիմել Financial Times-ի խմբագիր Ալեք Ռասըլը։ Հունիսին հոդվածը ներկայացվել է պարբերականի խմբագրությանը, հրապարակվել օգոստոսի 29-ի համարում։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատմում է, թե ինչպես են Բախը և քվանտային ֆիզիկան ոգևորում իրեն՝ Covid-19-ի դեմ պայքարում
Սովորաբար ես արթնանում եմ առավոտյան ժամը 6-ին: Ընդհանուր առմամբ, երկար քնելու կարիք չեմ զգում. ես այն մարդն չեմ, որը դժվարանում է կտրվել օրվա մտազբաղությունից:
Կան մարդիկ, որոնք իրենց առավոտը սկսում են թեյով կամ սուրճով, իսկ ինձ համար դա Բախն է: Երկար տարիներ, Յոհան Սեբաստիանն իմ առավոտյան ռեժիմի մի մասն է: Նրա երաժշտությունն ինձ էներգիայով է լցնում և դրական էմոցիաներ հաղորդում, որոնք ուղեկցում են ամբողջ օրվա ընթացքում: Ընդամենը մի քանի րոպե. Բախի ստեղծագործությունները գրավում են իրենց ճշգրտությամբ ու գեղեցկությամբ:
Ես, իհարկե, սուրճ սիրում եմ ՝ ռիստրետո, որը չի խանգարում վայելելու Բախին: Բայց ոչ ամռանը: Հիմա ես իմ օրը սկսում եմ ծիրանով: Անգամ մեկ-երկու ծիրանը սենյակը լցնում են դրախտային բույրով: Ակադեմիական շրջանակներում ծիրանը հայտնի է «Prunus armeniaca» անվամբ: Աշխարհում ոչ մի տեղ այն ավելի լավ չի բուրում կամ ավելի անուշահամ չէ, քան Հայաստանում: Այն Հունաստանում և Եվրոպայում հայտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու շնորհիվ: Բացի այդ, այն հակաօքսիդանտ է և օգտակար է սրտի համար՝ թե՛ թարմ, թե՛ չորացրած:
Ես դուրս եմ գալիս իմ տանից, որը Հայաստանի մայրաքաղաք Երևանում է, և անցնում նախագահական նստավայր տանող կարճ ճանապարհը: Կինս՝ Նունեն և ես սիրում ենք քայլել, երբ դրա հնարավորությունն ունենք: Նախքան համավարակը մենք հաճախ էինք քայլում՝ ճանապարհին ջերմորեն ողջունելով մարդկանց: Այժմ մենք կարող ենք միայն հեռվից ձեռքով ողջունել՝ նշելով սոցիալական հեռավորություն պահելու կարևորությունը: Հեշտ չէ:
Համավարակի հետևանքներից մեկը, որը հատուկ է ամբողջ աշխարհի գրասենյակային աշխատողներին, իմ օրակարգն է, որը լի է տեսակոնֆերանսներով: Աշխատակազմս փոքր է, և ես գիտեմ, որ այս իրավիճակը նրանց վրա հսկայական ճնշում է գործադրում: Սա Բուքինգհեմյան պալատը չէ, բայց դարձյալ բավական մեծ է կիրառելու «մեկ գրասենյակ, մեկ աշխատակից» սկզբունքը, որին մենք հետևում ենք ամիսներ շարունակ: Թեև գտնվում ենք կողք կողքի, նախընտրում ենք հաղորդակցվել Skype-ի միջոցով:
Բայց ես վստահ եմ, որ աշխատանքային օրվա ամենահաճելի պահը բացօթյա հանդիպումներն են (նախագահականի պարտեզում): Հյուրերս, աշխատակազմը և ես սիրում ենք աշխատել մաքուր օդում, ինչը ոգևորող է և էկոլոգիապես մաքուր (առանց օդորակիչի): Դուք կարող եք սա անվանել հայկական know how – երկրի նախագահն աշխատում է բացօթյա պայմաններում, մաքուր օդին, թռչունների ծլվլոցի ներքո, խաղաղ պայմաններում, բացառությամբ, որ պատերից այն կողմ մոլեգնում է համավարակը:
Փետրվարին, երբ մայրաքաղաքն ու պետությունը դեռևս տեղյակ չէին մոտալուտ այս մղձավանջի մասին, նախագահական նստավայր կոչվող կղզյակում հաստատվեցին խիստ կանոններ: Վերադառնալով այդ վաղ օրերին. ես ընդունեցի Չինաստանի դեսպանին, ում խնդրեցին կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, որը նա արեց մեծ պատրաստակամությամբ՝ մտքում ունենալով իր հայրենիքում տիրող իրավիճակը: Աղմուկ բարձրացավ, թե մենք շատ խիստ և զգույշ ենք եղել, անհարմար վիճակի մեջ դրել բարեկամ երկրի դեսպանին: Բայց լավ է զգույշ, քան անհոգ....
Նախկին կյանքում՝ մինչև դիվանագիտությամբ և քաղաքականությամբ զբաղվելը, ես ֆիզիկոս էի, և գիտությունը շարունակում է մնալ իմ առաջին սերը: Այն օգտակար է եղել համավարակի վերաբերյալ աշխարհի առաջնորդների հետ քննարկումների ժամանակ: Այն ձևավորել է նաև նախագահի պաշտոնում իմ մոտեցումը` ամրապնդելով այն համոզմունքը, որ այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար մենք «քվանտային քաղաքականության» կարիք ունենք: Սակայն, կհարցնեք՝ ի՞նչ է նշանակում այդ տարօրինակ եզրույթը:
«Քվանտային քաղաքականությունը» պարզապես նոր ուղի է՝ հասկանալու, թե ինչպես է փոխվել քաղաքականությունն այն ժամանակներից, երբ դեռևս տեխնոլոգիաներն ու կապակցվածությունն այդքան էլ զարգացած չէին աշխարհում:
Համավարակն արագացրեց 20-րդ դարի և մինչ այդ գոյություն ունեցող դասական աշխարհի, որտեղ փոխկապակցվածության կազմակերպված ձևերը նշանակություն ունեին, փոխակերպումը քվանտայի՛ն աշխարհի, որտեղ փոփոխությունը շատ ավելի արագ է, անկանխատեսելի և տարբերվող ձևերով: Առանձին մասնիկը կամ, այս դեպքում, անհատը, այսօր շատ հզոր է և կարող է ազդեցություն գործել համաշխարհային ցանցի միջոցով:
Նախքան կորոնավիրուսի հայտնելը թվային հեղափոխությունը հեշտացնում էր այս անցումը: Համավարակի դեմ պայքարը, ֆինանսական ճգնաժամը և այլ ռիսկերը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է փոխել ոչ միայն մեր ապրելակերպը, այլև մեր տեսլականը: Եթե մենք սկսենք այս աշխարհի մասին մտածել որպես քվանտային աշխարհի, ապա իրադարձությունների ետևում մենք կգտնենք տրամաբանություն և կկարողանանք հավանականության որոշակի աստիճանով կանխատեսել դրանք: Համավարակը չէ այն մարտահրավերը, որին պետք է դիմակայենք: Այո, այն ողբերգական է, բայց մենք կսխալվենք, եթե համավարակը համարենք եզակի երևույթ, որը այլևս չի կրկնվի:
Իր ամենատարրական իմաստով համավարակը դիլեմա է բոլոր երկրների համար՝ տնտեսությո՞ւն, թե՞ մարդկային կյանքեր: Այո, տնտեսական կյանքը չպետք է կանգ առնի, սակայն անհատական պատասխանատվությունը և առողջ բանականությունը պետք է գերակշռեն: Հայաստանը հարուստ երկիր չէ, և մեր ժողովուրդը պետք է աշխատի ընտանիքը պահելու համար։ Բայց մենք նաև պետք է շարունակենք զգոն մնալ, քանի որ համավարակն իր գագաթակետին դեռևս չի հասել: Ցավոք, մեր բնակչության մեկ շնչի հաշվով համավարակն ավելի ծանր է եղել, քան այլ երկրներում:
Եվ, ինչպե՞ս է Հայաստանը դիմագրավում: Մեկ բառով ասած՝ լավ, երկու բառով ասած՝ ոչ այնքան: Լոքդաունը ծանր է եղել բոլորի համար, բայց նայելով փողոցում զբոսնող մարդկանց, դա չեք զգա: Վերաբերմունքը, կարելի է ասել, անհոգ է:
«Կորոնավիրո՞ւս: Ավելի վատն ենք տեսել»: Ահա սա է, ցավոք, ոմանց վերաբերմունքը: Ինձ համար ամենավատն այն է, որ մեզ համար կորոնավիրուսը դառնում է սովորական, ապրում ենք դրա հետ՝ գրեթե անուշադրության մատնելով: Գիտեմ, որ դա սխալ է, ինչպես ամեն օր ասում եմ տարբեր լսարանների:
Փորձում եմ երեկոները ժամանակ գտնել և խոսել կրտսեր որդուս՝ Հայկի հետ: Ես նրա հետ գիրք եմ գրում, որը կոչվում է «Քվանտային աշխարհ», որն ընդլայնում է քվանտային քաղաքականության հայեցակարգը՝ հասկանալու, թե ինչպես են մարդկության զարգացման և համաշխարհային ռիսկերի դինամիկաները փոխել անորոշություններով լի մեծապես փոխկապակցված այս աշխարհը: Որդիս և ես երկար տարիներ տեսական և փիլիսոփայական քննարկումներ ենք ունեցել: Սակայն միայն մարտ ամսից սկսած՝ սոցիալական կյանքի և ճանապարհորդությունների սահմանափակման պայմաններում, ժամանակ գտանք ավելի հաճախակի խոսել:
Հայկը 36 տարեկան է և ղեկավարում է իր սեփական մասնավոր ներդրումային հիմնադրամը, լոքդաունի ժամանակահատվածն անցկացրել է Լոնդոնում՝ գրառելով մեր զրույցները: Նա վաղ է արթնանում, այսպիսով իր առավոտները և ուշ երեկոներն անցկացնում է գրառումներ կատարելով և դրանց նախնական տարբերակներն ինձ ուղարկելով: Սովորաբար հանգստյան օրերին մենք երկար զրույցներ էինք ունենում՝ քննարկելով հայեցակարգերը և միասին մշակելով գիրքը: Հպարտ և ուրախ եմ, որ որդուս հետ ենք անում այս գործը:
Գրքի նպատակն է հարթակ տրամադրել` մարդկանց օգնելու կողմնորոշվել ապագայում. ելնելով այն հանգամանքից, որ մենք գտնվում ենք մարդկության պատմության շրջադարձային կետում, որտեղ անխուսափելիորեն փոխկապակցված ենք միմյանց աննախադեպ ծավալով: Փոխգործակցության և ներգրավման նախկին կանոններն այսօր ավելի քիչ կիրառելի են, քանի որ այսօր գերակշռում են քվանտային կանոնները՝ հանգեցնելով ավելի շատ պատահականությունների և չնախատեսված հետևանքների՝ տեղական, գլոբալ և անհատական: Սա անխուսափելիորեն վերափոխում է ապագայի քաղաքականությունը: Եթե մենք քվանտային աշխարհում շարունակենք կիրառել դասական մոդելներ, մենք ահավոր ետ կմնանք:
Մարդկության զարգացումը ոչ գծային է՝ ստեղծարար և կործանարար հատկություններով: Համավարակն այս փոխկապակցվածության հետևանքն է, բայց նաև ինքնին մարդկության փոփոխման գործընթաց. եթե այն ճիշտ ուղով ընթանա, մենք կարող ենք այս հնարավորությունն օգտագործել և մարտահրավեր նետել հին համոզմունքներին ու կարծր կառույցներին՝ մշակելով քվանտային աշխարհին հարմարեցված ավելի արդյունավետ համակարգեր:
Ճիշտ է, մեր շուրջը ողբերգություն է, բայց երբևիցե ավելի լավ ժամանակ չի եղել բարեփոխելու կրթությունը, օպտիմալացնելու սննդի շղթան, օգտվելու կլիմայական փոփոխությունների այս նպաստավոր պայմաններից: Մեր նպատակն է ընթերցողներին իրենց ոլորտներում առաջարկել նոր հարթակ ՝ մարտահրավեր նետելու մեզ և իրենց մտածողությանը:
Եթե այս ամենից հետո ժամանակ է մնում, երեկոյան ընթերցանությամբ եմ զբաղվում (այս պահին ընթերցում եմ Ջիմ Ալ Խալիլիի և Ջոնջո Մակֆադենի «Կյանքի եզրին» գիրքը), կարդում եմ կենտրոնացած, թեև այնուամենայնիվ փորձում եմ քնել կեսգիշերից առաջ: Մշտապես վաղն այնքա҇ն բան կան անելու․․․