Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը, ով Սոցիալիստական Ինտերնացիոնալի՝ Մադրիդում ընթացող կոնգրեսի ընթացքում վերընտրվել է կազմակերպության փոխնախագահ, հանդես է եկել ելույթով, որի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։
«Անցյալ երկուշաբթի, Պեդրո Սանչեսը, մեր նորընտիր նախագահը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին ասաց․ «ապսուրդ պատերազմ», իսկ ես Ձեզ հարց տամ, ո՞ր պատերազմը ապսուրդ չէ, արդյոք պետք է ընդունե՞նք այն տրամաբանությունը, որ քիչ առաջ այս ամբիոնից հնչեց Եվրոպական Միության ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, ովքեր գովասանքով էին խոսում ուկրաինական պատերազմի մասին և հատուկ նշում, որ «պատերազմը մոտ է, մենք չենք կարող անտարբեր մնալ և մեր ամբողջ կարողությունները պետք է տրամադրենք Ուկրաինային»։ Ես հարց եմ տալիս, արդյո՞ք եթե պատերազմը մոտակա է, ուրեմն ամեն ինչ արդարացված է, իսկ ուրիշ պատերազմների դեպքում այդքան անտարբեր ենք, որ մոռանում ենք մարդկային ու քաղաքացիական իրավունքների բռնաբարումները, ինչպես նաև բռնապետների սպառնալիքներն ու քմահաճույքները, որոնց վերջերս ենթարկվեց Եվրոպական Միության Հանձնաժողովի պատվիրակությունը։ Այս տրամաբանությամբ նավթի մեկ բարելը, կամ գազի մեկ խորանարդ/մետրն ավելի արժե քան մեկ մարդու կյանքը։ Սա անընդունելի է և այս կազմակերպությունը պետք է մերժի ու դապարատի դա։
Հիմա ես ստիպված եմ փոփոխության ենթարկել իմ նախապես պատրաստած խոսքը, քանի որ քիչ առաջ ադրբեջանական կուսակցության ներկայացուցչի արտասանած խոսքերը կարծես թե իր երկրի «հատուկ գրասենյակների» կողմից պատրաստված ապատեղեկատվության շարան լինեին։
Սիրելի Պեդրո, Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հողը և տարածքը, Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բացի սովետական ժամանակահատվածից, երբ 1921թ․ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասի բյուրոն Ադրբեջանին հանձնեց Նախիջևանն ու Արցախը։ Այդ թվականին Հայաստանն ու Արցախը դադարել էին լինել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Արցախի ժողովուրդը նախքան Սովետական Միության անկումը և օրվա սահմանադրությանը համապատասխան՝ հռչակեց իր ինքնորոշման իրավունքի իրացումը և անկախությունը, մի իրավունք, որից չի հրաժարվել և չի հրաժարվելու։
2020թ․ սեպտեմբերին Արցախն անակնկալ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի հսկայական մասնակցությունն ու ռազմական օժանդակությունը, ինչին միացան Սիրիայի հյուսիսից բերված արմատական իսլամիստներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում անխափան գործեց նաև Իսրայել-Ադրբեջան, Ուկրաինա-Ադրբեջան և Բելառուս-Ադրբեջան օդային բեռնափոխադրումները։ Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի երկրորդ՝ թուրքական բանակի ռազմական օժանդակությունը, փաստորեն Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա։
Հարգելի ընկերներ, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ պատերազմից հետո Ադրբեջանը հարձակվել է և օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքներ, ինչն անընդունելի է և դատապարտելի։
1920-ական թթ․ Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհաբերվեցին թուրք-բոլշևիկյան հեղափոխության զոհասեղանին, հիմա Հայաստանն ու Արցախը փորձում են զոհ չդառնալ «գազի և նավթի» զոհասեղանին և կհաջողե՛ն։ Հավատում ենք, որ դուք կմիանաք մեզ այս արդար պայքարում՝ հանուն ազատության և արդարության։
Շնորհակալություն: