Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
2017-ին Ադրբեջանի շուրջ երկու մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված միջազգային կոռուպցիոն բացահայտումների ու Եվրոպայի մասնակցությամբ փողերի լվացման հետ։
Մալթացի լրագրող Դաֆնե Գալիցիան հետաքննություն էր արել ու հոդվածաշար տպագրել «Ադրբեջանական լվացքատուն» վերնագրով՝ բացահայտելով, թե ինչպես Մալթայի այն ժամանակվա վարչապետ Ջոզեֆ Մուսկատի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից:
Մալթացի լրագրող Դաֆնեի մասին 2017-ին ինձ պատմել էր բուլղարուհի լրագրող Դիլյանա Գայտանջիևան՝ անհանգստանալով, որ Ադրբեջանի կեղտոտ գործարքների մասին հետաքննություն անող Դաֆնեի կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Անհանգստությունը պատճառներ ուներ։ Դաֆնե Գալիցիան բացահայտել էր, որ 2013-ից սկսած՝ Մալթայի կառավարությունը կղզում էլեկտրակայանի շինարարության և հետագայում հեղուկ գազով այն ապահովելու տենդեր է հայտարարել, որը շահել է «Electrogas» ընկերությունը։ Պարզվում է, դրա հիմնական սեփականատերը «Socar» ադրբեջանական պետական նավթային ընկերությունն է։
«Socar»-ը գազ էր գնում «Shell»-ից մոտ 113 մլն դոլարով ու այն Մալթայի կառավարությանը վաճառում 153 մլն դոլարով՝ ստանալով 40 մլն դոլար շահույթ։ Բացի սրանից, ըստ պայմանագրի՝ հեղուկ գազը Մալթայում պետք է վերածվեր էլեկտրաէներգիայի ու մատակարարվեր ԵՄ-ին։
Դաֆնե Գալիցիան բացահայտել էր, որ Մալթայի ու Ադրբեջանի կառավարությունների գաղտնի գործարքով Մալթան գազ է գնել բաց շուկայում գործող գներից գրեթե կրկնակի թանկ։ Ընդհանուր առմամբ, տարեկան ավելի քան 1 մլրդ դոլարի փողերի լվացման գործարք է տեղի ունեցել։
Դրանից բացի, նույն Մալթայի ու Ադրբեջանի մեկ այլ գործարքով, Ադրբեջանի «Socar» ընկերությունը բնական հեղուկ գազի մատակարարման տարեկան ավելի քան մեկ միլիարդ եվրոյի պայմանագիր է կնքել, որից ստացված շահույթը պետք է մտներ ԵՄ ենթակառուցվածքային բյուջե։
Ամեն տարի Ադրբեջանը և ԵՄ անդամ Մալթան այս գործարքներով միլիարդավոր դոլարների փողերի լվացում են արել, սակայն մեզ համար առավել կարևոր փաստ է, որ դրանից մոտ 10 մլրդ դոլարը Ադրբեջանից անօրինական ճանապարհով մտել է ԵՄ ենթակառուցվածքային բյուջե։
Դաֆնե Գալիցիայի այս բացահայտումների հրապարակումից շաբաթներ անց՝ 2017-ի հոկտեմբերին նրա մեքենան պայթեցվեց։ Դաֆնեն սպանվեց, ինչը մեծ աղմուկ առաջացրեց լրագրողական հանրության մեջ։
Լրագրողների ու ընդհանուր հանրության ճնշման տակ բացահայտվեց, որ Դաֆնե Գալիցիայի սպանության պատվիրատուն եղել է ադրբեջանական նավթային մագնատ Ռովշան Թամրազովը, իրականացրել է Մալթայի այն ժամանակվա վարչապետ Ջոզեֆ Մուսկատի աշխատակազմի ղեկավար Կիտ Շեմբրին «Electrogas» ընկերության ղեկավար Յորգեն Ֆենեկի օգնությամբ։
2020-ի հունվարին Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը ստիպված հրաժարական տվեց, սակայն Ադրբեջանից անօրինական ճանապարհով Մալթա, ապա ԵՄ ենթակառուցվածքային բյուջե մտած մոտ 10 մլրդ դոլարը մնաց իր տեղում։ Հետաքննող լրագրողները կասկած են հայտնում, որ այդ փողերը ծառայում են հանցավոր նպատակներով՝ քաղաքական կոռուպցիայի, գործարքների, առևտրի համար։
2021թ․ հուլիսի 17-ին ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան այցի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպական միությունը իր ենթակառուցվածքային բյուջեից 2.6 մլրդ եվրոյի աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման, ենթակառուցվածքների վերազինման, ճանապարհաշինության, մետրոպոլիտենի բարեկարգման, դպրոցների, մանկապարտեզների կառուցման համար։
Հայաստանը մեծ ակտիվությամբ զբաղված է ճանապարհաշինությամբ, մայթերի բարեկարգմամբ, նոր շենքեր են սարքում, ու հայերը գոհ ու երջանիկ են։ Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է երբևէ, թե ինչ փողեր են ծախսվում այդքան շռայլորեն և որտեղի՞ց են դրանք հոսում Հայաստան։ Ինչի՞ դիմաց ու ամենակարևորը՝ ինչի՞ գնով։
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, փորձագետ