կարևոր
44425 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 10:51
Քաղաքական Մշակույթ

Դատապարտում է 7 հոգի, հիանում են հազարները․ «Հրապարակ»

Դատապարտում է 7 հոգի, հիանում են հազարները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Նախօրեին կինոթատրոններում կայացել էր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերան: Հիշեցնենք, որ «Իշխանություն» ֆիլմի առաջին մասը մեծ էկրան բարձրացավ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում: Ֆիլմը հեղափոխության, դրա քաղաքական հետեւանքների ու պատերազմի ավերածությունների մասին էր: Այս ֆիլմը նախորդի շարունակությունն է, եւ պարզվում է` իշխանական «արբանյակներին» բարկացրել է այն: Նիկոլական շրջանակներին ֆիլմն այնքան է զայրացրել, որ նրանք որոշել էին երեկ, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ֆիլմի դեմ բողոքի ակցիա անել եւ պահանջել, որ այն հանվի ցուցադրությունից: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը` դերասանուհի Անի Ղազարյանը, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից է, մեզ հետ զրույցում ակցիայից ժամեր առաջ նշել էր, որ Ֆեյսբուքից են տեղեկացել «հուժկու» ցույցի մասին, սակայն դա իրենց համար լրիվ միեւնույն է: «Ֆեյսբուքից եմ իմացել էս ամենի մասին, չեմ կարող ոչ մի բան ասել ուղղորդման մասին, իսկապես չգիտեմ: Ազդեցության պահով էլ կհասկանանք այսօր իրենց «ցույցից» հետո... նույնիսկ խոսել չեմ ուզում այս թեմայով»,- ասաց նա:

Ակցիայի նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկն է` Դիանա Մարտիրոսյանը, ով Աբովյան քաղաքի նիկոլականներից է: Նա Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերայից հետո իրեն հատուկ ոճով գրառում էր արել, Փաշինյանի աջակիցներին կոչ անելով՝ հաջորդ օրը հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ եւ բողոքի ակցիա անել ընդդեմ ֆիլմի: Նա գրել էր. «Տարածել: Վաղը, այսինքն՝ նոյեմբերի 10-ին, ժամը 18։00-ին հավաքվում ենք ֆիլմի ցուցադրությունն արգելելու նպատակով, վաղը մեզանից յուրաքանչյուրը ցույց կտա, թե ինչքանով է մեր վարչապետի կողքին (ասածս չի վերաբերում դրսում ապրող մեր ընկերներին), բայց դուք էլ բոլորդ ձեր էջերում տեղադրեք, մենք պիտի էնպես անենք, որ նման սուտ տարածող ֆիլմը մեր վարչապետի մասին ոչ միայն չցուցադրվի, այլեւ տուգանվի»: Մի խումբ լրագրողներ երեկ շտապել էինք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որ լուսաբանեն այս ակցիան եւ հասկանան, թե իշխանությունների համակիրներն ինչից են դժգոհում, ֆիլմում հատկապես ինչն է զայրացրել նրանց: Սակայն կինոթատրոնի մոտ այդպես էլ ոչ ոք չեկավ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ ակցիայի մասնակիցները` 7 հոգի, հավաքվել են Հանրապետության հրապարակում եւ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարել են, թե այդ ֆիլմն այլեւս չպետք է ցուցադրվի։ Հավանաբար, ընտրվել է այն վայրը, որը վարչապետին մոտ է, եւ նա իր առանձնասենյակի պատուհաններից կնկատի, թե ովքեր են իր համար ակցիա անողները:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։