Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սերժ Թանկյանը, ինչպես հայտնի է, հեղափոխության ամենաակտիվ աջակիցներից էր: Չնայած խոստմանը, սակայն, նա մինչ օրս Հայաստանում տուն չի գնել և հեղափոխության արդյունքներով հիանում է հիմնականում Խաղաղ օվկիանոսի ափից՝ վերջին մեկ տարվա ընթացքում շարունակելով հայաստանցիներիս ուղղորդել՝ թե ինչպես ապրել, ում աջակցել և ինչի դեմ պայքարել: Այսպես, նա ակտիվ միացավ նաև Ամուլսարի դեմ պայքարին՝ դրամահավաք կազմակերպելով Ամուլսարի ճանապարհները փակողներին աջակցելու համար, տեսաուղերձներ հղելով Ամուլսարի «աղետների» մասին ու կոչ անելով բոլորին միանալ Ամուլսարի ճանապարհները փակողներին:
Ի՞նչ պատահեց Ամուլսարի դեմ կատաղի պայքարող Սերժ Թանկյանին: Հավանաբար այն, որ իր կողմից սատարվող հեղափոխության առաջնորդ Փաշինյանը վերջապես բացատրել է, որ Ամուլսարի փակ ճանապարհները իրական խնդիր են երկրի տնտեսության ու հեղինակության համար, մինչդեռ բնապահպանական խնդիրները տեսական են ու չափազանցված են հեղափոխությանը սատարած ակտիվիստների կողմից:
Լռում էր, երբ մենք խոսում էինք այն մասին, որ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Ամուլսարի ծրագիրը չի կարող ունենալ այն բնապահպանական ռիսկերը, որոնց մասին տարիներով աղաղակել են վարչապետի ակտիվիստ ընկերները: Մենք մեր տեսակետը չենք փոխել՝ անկախ քաղաքական իրավիճակից, իսկ ահա պատեհապաշտներին հատուկ է խոսել «աղետներից» և փոխել տեսակետը՝ ըստ քաղաքական իրավիճակի:
Ի դեպ, քաղաքական իրավիճակի մասին: Սերժ Թանկյանն ասում է, որ իրեն դուր չի գալիս, որ Ամուլսարի հարցը քաղաքականացվել է: Իսկ ո՞վ է քաղաքականացրել հարցը, եթե ոչ՝ վարչապետը:
Ո՞վ էր անդադար հայտարարում, թե իբր Ամուլսարի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների հետ կոռուպցիոն համագործակցության արդյունք է, սակայն մինչ օրս այդպես էլ չկարողացավ որևէ ապացույց բերել։
Ո՞վ իր ակտիվիստ ընկերների աջակցությունը չկորցնելու համար մեկ տարուց ավելի երկրի խոշորագույն ներդրումը դարձրեց պատանդ:
Ո՞վ թանկարժեք փորձաքննություններ ու հետազոտություններ պատվիրեց, ոչ թե՝ որովհետև Ամուլսարը ամենավտանգավորն էր, այլ՝ որովհետև ճանապարհները փակ էին, իսկ պետությունը իր գործառույթները իրականացնելու փոխարեն՝ գերադասեց ձգձգել խնդիրը՝ անիմաստ փորձաքննություններով:
Ո՞վ հրապարակայնորեն ընդունելով, որ Ամուլսարի հետ կապված ո՛չ կոռուպցիա են հայտնաբերել, ո՛չ բնապահպանական լուրջ խնդիր, այդպես էլ չկարողացավ հարցը լուծել, որովհետև վախեցավ աղմուկից ու հիմա էլ խոսում է նոր փորձաքննությունների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սեփական վարչարարական անկարողությունը ներդրողի գլխին ջարդել: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ տնտեսական հարցը քաղաքական դաշտ բերելու աղաղակող փաստ:
Ի դեպ, Սերժ Թանկյանն այս օրերին ասաց, որ չգիտի որևէ այլ կառավարություն, որը մեկ հանքի ուսումնասիրության վրա այսքան ժամանակ ու ջանք է ներդնում: Սա ասում էր՝ որպես կոմպլիմենտ՝ կառավարությանը:
Քանի որ ռոք երաժշտին իրավական իրողությունները բավական ուշացումով են տեղ հասնում, հիմիկվանից տեղյակ պահենք, որ մեկ հանքի վրա կառավարության այսքան կենտրոնացումը ոչ միայն լավ բան չէ, այլև ևս մեկ իրավական «աղետ է» պետության համար: Երբ վարչապետ Փաշինյանն ինքն է ընդունում, որ Ամուլսարը Հայաստանում լավագույն հանքն է, ու չնայած դրան՝ կառավարությունը հենց այս հանքը նորից ու նորից «հետազոտելու» վրա է ժամանակ ծախսում, սա Սերժ Թանկյանի հայրենիք ԱՄՆ-ում կոչվում է՝ թիրախավորում, խտրականություն և, ինչո՞ւ ոչ՝ ապօրինություն:
Հենց սա է տնտեսական ու իրավական հարցը քաղաքական դաշտ բերելու ամենավառ օրինակը: Երբ հարցը օրենքի շրջանակներում շուտափույթ լուծելու փոխարեն, իշխանությունը, շրջանցելով օրինականությունն ու հավասարության սկզբունքը, լուծումը ձգձգելու նորանոր առիթներ է փնտրում՝ բացառապես քաղաքական պատճառներով»,-գրում է թերթը: