կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 18:07
Քաղաքական

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վեդիում ինձնով հիանում են, դրա համար են պաստառս կպցրել․ ՔՊ-ական «ֆեյք» թեկնածու

Yerkir.am-ն այսօր գրել էր, որ Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ականները շրիշակից ցածր մակարդակի ընտրախախտումներ են անում։ «Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծության անհաջող փորձերից հետո Վեդիում ֆեյքաբուծարան է հիմնել՝  տարբեր սորտի ՔՊ-ականներով, որոնք ձայներ հավաքելու համար «օգտագործում» են հանրությանը ինչ-որ չափով հայտնի, անուն ունեցող տարբեր անձանց, այդ թվում՝ նաեւ բիզնեսմենների։

Վեդիում եւ հարակից բնակավայրերում փակցրել են ընտրական ցուցակում չընդգրկված Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի, Արթուր Աղաջանյանի, Արամ Շիրինյանի, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի լուսանկարները՝ խաբկանք ստեղծելով եւ շփոթության մեջ գցելով ընտրողներին:

Yerkir.am-ը փորձեց հայտնաբերել Վեդիի ավագանու «ֆեյք» թեկածուներին եւ հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այս խեղկատակությունը։

Ներկայացնում ենք Հայկ Մելքոնյանի զավեշտալի պատասխանները։ 

-Պարո՛ն Մելքոնյան, Դուք մասնակցո՞ւմ եք Վեդիի ընտրություններին։ ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու առաջադրված անձանց պաստառների կողքին նաեւ Ձեր պաստառներն են, մինչդեռ Հայկ Մելքոնյան անունը չկա ավագանու ցուցակում։ Ինչպե՞ս կբացատրեք։

-Ես միշտ եմ մասնակցում։

-Հիմա մասնակցո՞ւմ եք։

-Բայց ի՞նչն ա Ձեզ հետաքրքրում, հլը ասեք, Yerkir.am-ի լրագրող Լիանա՛ ջան։

-Արդեն ասացի՝ ինչու՞ եք Ձեր նկարներով պաստառներ փակցրել Վեդիում։

-Ո՞րտեղ ա կպցրած՝ կասե՞ք։

-Վեդիում, օրինակ։

-Դա էրեխեքն են միամիտ կպցրել։

-Այս ընտրություններին մասնակցո՞ւմ եք։

-Ոչ։

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված քարոզչական պաստառ պատրաստելը։

-Ինձանով հիանում են։

-Փակցրել եք, որ հիացնե՞ք մարդկանց։

-Ոչ, դա ես չեմ պատրաստել, շուտվանից պատրաստած էր։ Տպագրատունը միամիտ տպագրել, ուղարկել է։ Պարզ դարձա՞վ։

-Հասկացանք, բայց ինչո՞ւ եք փակցրել պատերին։

-Իմ շրջանն ա, որտեղ ուզեմ՝ կփակցնեմ։

-Այդպես Դուք խեղաթյուրում եք իրականությունը, ընտրողներին եք մոլորեցնում։

-Հարգելի՛ Yerkir.am-ի լրագրող, ես վերջացրի, հաջողություն։

Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնքի»֊ի ցուցակում ընդգրկված Սեւակ Աղաբեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ նման պաստառներ կան նաեւ մյուս համայնքներում՝ Այգավանում, Փոքր Վեդիում, եւ այլն։ ՔՊ-ի ընտրախախտումներից Աղաբեկյանը ներկայացրեց եւս մեկը։ Պարզվում է՝ Գարիկ Սարգսյանի համար ծովը ծնկներից է՝ ինքն իրեն որոշակի արտոնություններ է տվել։

«Գարիկ Սարգսյանը թույլ է տվել անվճար քարոզարշավ իրականացնել մշակույթի տներում, բայց ինքն անում է դպրոցների դահլիճներում։ Սա ինչպե՞ս հասկանանք։ Անվճար քարոզչություն անելու համար հատկացրել է հատուկ տարածքներ, բայց ինքն իրեն լիազորել է կազմակերպել իր քարոզչությունը դպրոցներում»,- հայտնել էր զրուցակիցս։

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում