կարևոր
3265 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 11:28
Քաղաքական

«Հայաստան» խմբակցության ուղերձը գիտության օրվա առթիվ

«Հայաստան» խմբակցության ուղերձը գիտության օրվա առթիվ

Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը նաև գիտության պատմություն է։

Գիտության տարբեր ոլորտներ զարգացել են նախ համալսարանական, հոգևոր-կրթական միջավայրերում: 1943թ. նոյեմբերի 10-ին ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի ակունքներում էին հայ և համաշխարհային գիտության երևելիներ Մ. Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը,  Վ. Համբարձումյանը, Օրբելի եղբայրները:

Խորհրդային շրջանը նշանավորվել է  որպես գիտության տարբեր ոլորտների ծաղկման, գիտական նվաճումների, հանրային-քաղաքական գիտակցության մեջ գիտության բացառիկ դերակատարության ժամանակաշրջան։ Առանձին ոլորտներում հայ գիտնականներն ու հայ գիտությունը համաշխարհային ճանաչում  են բերել Հայաստանին՝ այն դարձնելով գիտական խոշոր կենտրոն:

1992 թվականից ազգային դարձած ՀՀ  գիտությունների ակադեմիան միավորում է շուրջ 35 ինստիտուտներ և հաստատություններ, որոնք հարաբերական հաջողություններով փորձում են  գիտական նվաճումներ արձանագրել, համաքայլ լինել ժամանակի պահանջին։

Մեր պետականության և հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում գիտության ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանանում: Չի արժևորվում վերջինիս ահռելի դերակատարությունը համազգային ճգնաժամը հաղթահարելու, հասարակության ներուժը արդյունավորելու առումով։

Վստահ ենք, որ նաև արդյունավետ գիտական քաղաքականությամբ, գիտական ժառանգության արժևորմամբ, գիտական համայնքի արդյունավետ կազմակերմամբ է հնարավոր հաղթահարել այն բոլոր գոյաբանական մարտահրավերները, որ այսօր  դիմագրավում է Հայաստանը։

ՀՀ գիտական համայնքին շնորհավորելով գիտության համաշխարհային օրվա առիթով՝ համոզված ենք, որ պետության կողմից գիտության նկատմամբ հատուկ վերաբերմունքի և հայ գիտական մտքի խիզախումների ճանապարհով կկարողանանք վերընձյուղվել, ամրացնել մեր պետականության հիմքերն ու ապահովել կայուն զարգացում։

«Հայաստան» խմբակցություն

10.11.2022թ.