կարևոր
4753 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-28 10:22
Հասարակություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը բանակի օրվա առթիվ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը բանակի օրվա առթիվ

Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական լրջագույն սպառնալիքների ու ծանր փորձությունների մթնոլորտում է նշվում մեր երկրի անվտանգության ու պաշտպանության գլխավոր երաշխավորի՝ Հայոց Բանակի կազմավորման 32-ամյակը։

Արցախյան ազատամարտի բովում ծնունդ առավ մեր բանակը՝ դառնալով անկախ պետականություն, անվտանգ ապագա կերտելու մեր հավաքական երազանքների և աննահանջ կամքի երաշխավորը։

Հազարավոր հայորդիների անմնացորդ նվիրումով ու խիզախումով, նրանց թանկ արյամբ նվաճեցինք հաղթանակներ, ամրագրեցինք մեր ազգային և պետական արժանապատվությունը։ Սակայն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունն ապահովող, տարածաշրջանում ՀՀ-ն գործոն դարձրած Հայոց բանակը 2018 թ․ ցավալիորեն դավաճանվեց երկրում իշխանությունը զավթած խմբակի կողմից: Թիրախավորելով և վարկաբեկելով բանակը, հեղինակազրկելով զինված ուժերի սպայական կազմը, թուլացնելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը՝ հայ ժողովուրդն ու Հայոց պետականությունը կանգնեցրին կորուստերի և գոյութենական սպառնալիքների առջև: Ավաղ, սեփական հանցանքները բարդելով զինված ուժերի վրա՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է իր անփառունակ և պետականակործան ընթացքը:

Եվ, այնուամենայնիվ, լիահույս ենք, որ ազգային իղձերի վերահաստատումով կարող ենք և պարտավոր ենք հաղթահարել մեզ ուղղված ծանրագույն սպառնալիքները, ինչպես հայ ժողովուրդը կարողացել է անհնարինը դարձնել հնարավոր:

Խոնարհվելով Հայոց պետականության կերտմանն իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների շիրիմների առջև, ապաքինում մաղթելով Հայրենքի պաշտպանության մարտերում վիրավորում ստացած բազմահազար մեր եղբայրներին և քույրերին, ազատություն մաղթելով քաղաքական հայածյալ դարձած և ապօրինաբար ազատազրկված, հայրենիքին ծառայություններ մատուցած հարյուրավոր հայորդիներին, շնորհավորում ենք Հայոց Բանակի օրվա առթիվ։

Համոզված ենք, որ ներազգային համախմբվածությամբ ու մեր հավաքական կամքով ի զորու ենք վերականգնել Հայոց Բանակի հզորությունը, ապահովելով Հայոց պետականության արժանապատիվ երթն ու Հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքը:

Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին