|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Մայիսի 28-ը համաժողովրդական տոն է եւ թանկ ու նվիրական բոլոր հայերի համար: Այն դարձավ մեր բազմադարյա պատմության փառավոր էջերից մեկը, երբ ցեղասպանություն տեսած ու պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած ժողովուրդը կրկին վերապրելու եւ ինքնահաստատվելու հայտ ներկայացրեց աշխարհին, ստեղծեց պետություն` իր բոլոր խորհրդանիշներով ու կառույցներով հանդերձ, ազատ ու անկախ ապրելու եւ արարելու հաստատակամությամբ:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնվեց չափազանց ծանր աշխարհաքաղաքական պայմաններում եւ գոյատեւեց ոչ երկար` ընդամենը երկուսուկես տարի, սակայն նրա թողած դասերը մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ եւ արդիական են մինչեւ այսօր: Մենք պարտավոր ենք միշտ հիշել մեր պատմության այդ բեկումնային տարիների իրադարձությունները, արժեւորել հաջողություններն ու ձեռքբերումները եւ երբեք չկրկնել անցյալի սխալները: Յուրաքանչյուր հայ` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պարտավոր է ըստ ամենայնի աջակցել պետականաշինության գործին, անել հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի հաղթական երթը լինի հավերժ ու անսասան: Միասնությունը, համերաշխությունն ու ազգային շահերը պետք է վեր լինեն ամեն ինչից:
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ համայն հայությանը, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին եւ մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաջողություններ` հանուն հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման:
Ստեփանակերտ, 28 մայիսի 2011թ