Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին նամակ է հղել։
«Ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության՝ դեկտեմբերի 2-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած կլիմայական հարցերով 25-րդ վեհաժողովի աշխատանքները և հայտնում, որ ամբողջությամբ կիսում ենք գլոբալ տաքացման դեմ ուղղված ՄԱԿ-ի մտահոգություններն ու գործադրած ջանքերը:
Որպես Արցախի չճանաչված Հանրապետության նախկին վարչապետ՝ կարող եմ փաստել, որ դեռևս 2008թ.-ից վերականգնվող էներգիայի արտադրության ուղղությամբ սկսած ծրագրերի արդյունքում անցած տասը տարիներին մեզ հաջողվել է մեր փոքրիկ հանրապետությունն ամբողջությամբ ապահովել վերականգնվող էներգիայով: Այսօր հպարտությամբ արձանագրում եմ, որ վերականգնվող էներգիայի հաշվին ինքնաբավ լինելուց զատ մենք դարձել ենք էլեկտրաէներգիա արտահանող պետություն: Եվ դա այն դեպքում, երբ որևէ միջազգային ֆինանսական աջակցությունից չենք օգտվել, երբ գտնվում ենք Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական հակամարտության մեջ:
Ո՛չ Ադրբեջանի հետ հակամարտությունը, ո՛չ Արցախի միջազգային կարգավիճակը չեն կարող մեզ զրկել աշխարհի լիիրավ մաս կազմելու և գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու գործում մեր բաժին մասնակցությունն ունենալու իրավունքից, քանի որ գլոբալ խնդիրները սահմաններ ու կարգավիճակ չեն ճանաչում:
Կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման դեմ պայքարին ուղղված Ձեր կոչում առաջիկա տասը տարիների համար նշաձող սահմանեցիք ջերմային գազերի՝ մինչև 45 տոկոս կրճատումը: Մենք միանում ենք Ձեր կոչին և հայտարարում, որ Արցախի Հանրապետությունում կգործադրենք բոլոր հնարավորություններն այդ գազերի արտանետումները մինչև 70 տոկոս կրճատելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունը մեծապես կանաչ պետություն դարձնելու բոլոր նախադրյալները ստեղծված են, և, համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ իմ սիրելի հայրենիքը կդառնա աշխարհի ամենաօրինակելի պետություններից մեկը:
Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները, առավել ևս, երբ նա մեր մոլորակի առաջ ծառացած խնդիրների դեմ պայքարում պատրաստ է առաջիններից լինել»,-գրել է նա: