կարևոր
3907 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-05 22:28
Քաղաքական

Քրեակատարողական հիմնարկը պատրաստ էր տղայիս քննություններն իր մոտ անցկացնել, բայց համալսարանն անդրդվելի էր. Գ. Մանուկյան

Կա հստակ քաղաքական որոշում` թույլ չտալ որդուս սովորել համալսարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ինձ հիմնավորումը հետաքրքիր չէ, որովհետեւ ի սկզբանե համալսարանի եւ նախարարության դիրքորոշումից հասկանալի էր, որ պարզապես քաղաքական որոշում ունեն՝ որդիս համալսարանում չպետք է սովորի։ Դեռեւս շաբաթներ առաջ դիմել էի համալսարանին, որ թույլ տան հեռախոսով հեռավար քննություններ հանձնել, բայց պատճառաբանվեց, որ «Արևելաբանության» ֆակուլտետը հեռավար քննությունների ցանկում չկա` մինչդեռ մեկ ամբողջ տարի Հայաստանի ողջ կրթական համակարգն էր քննությունները հեռավար տալիս։ Նույնիսկ քրեակատարողական հիմնարկն էր պատրաստակամություն հայտնել հանձնաժողովի անդամներին ընդունելու, դասախոսներն էին պատրաստ հիմնարկ գնալու սեփական ավտոմեքենաներով, սակայն համալսարանը եւ նախարարությունը մնացին անդրդվելի։ Հասկանալի են պատճառները, բայց գիտելիքը մարդուց չեն խլի։ Իմ որդին ինքնակրթությամբ է զբաղվում, ընթերցում է։ Տարոնը կշարունակի իր ինքնակրթությունը մինչեւ հայտնվի ազատության մեջ»,- նշեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հայտնեց, որ համալսարանը 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած, ֆակուլտետի ուսանող Տարոն Մանուկյանին համալսարանից հեռացնելու որոշում է կայացրել:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Աղբյուրը՝  NEWS.am