Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի դեռ չի մարել պայքարի ոգին ու կորովը, Հայ դատը չի կարող լինել վերացական հասկացողություն։ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին նախագահը փորձեց և փորձում է շարունակել նսեմացնել Հայ դատը՝ Հայ դատականներ՝ ազգայինը կեղծ կատեգորիա պիտակներ օգտագործելով։ Դա շարունակությունն է սովետական յոթանասուն տարի շարունակ տեւած քարոզչությանը։ Յոթանասուն տարիների ընթացքում խորհրդային կարգերի պայմաններում ազատ ու անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ոգին երբեք չի մարել, համակողմանի քարոզչությունը չի արդյունավորվել։
Խորհրդային մամլիչի առկայության պայմաններում հայկական գաղթօջախներում Հայ Հեղափոխական Դաշնակցության անխոնջ պայքարի եւ պատմության մեջ թողած ավանդի շնորհիվ սերունդներ են դաստիարակվել ազգային գաղափարախոսությամբ և անկախ հայրենիքի տեսլականով։ Սփյուռքյան պայմաններում ծնված և հայրենիքը ոչ շոշափելի գաղափարական հենքի վրա ճանաչած սերունդները չեն անտեսել պայքարի ուղին ու մինչև իսկ կյանքի գնով պահանջատեր եղել ազգի իրավունքների վերականգնման համար։ Այս երևույթի անառարկելի փայլուն ապացույցն է խտանում 1983թ. Լիսաբոնի գործողության մեջ։
Հինգ հայորդիներ, դաշնակցական և պատանեկան քուրայի մեջ թրծված մարտիկներ իրենց կյանքի գնով ապացուցեցին, որ հանուն գաղափարի կարելի է զոհաբերել ամենաթանկը։
Հինգ մարտիկների կերտած սխրանքը փարոս պետք է լինի մեր սերունդների համար։ Հանուն ազգային գաղափարի կյանքը նվիրաբերելու վեհ պատգամն առհավատչյա է պայքարի հարատևման համար։ Պետք է պատկերացնել այդ օրերի իրավիճակն ու հանգամանքները սխրանքի խորությունն ըմբռնելու համար։
Ազգային ազատագրական պայքարի ոգով տոգորված Հայ հեղափոխական բանակի հինգ մարտիկների սերունդը այն օրերում է դաստիարակվել, որ դեռևս անհնարին է եղել հայրենիքի հողի վրա պայքարելու, հողն ազատագրելու իրական հնարավորությունը։
Չկար Արցախյան պայքար։ Հայրենիքը տեսանելի էր ֆիդայիների պայքարի պատմությամբ և այն տեսլականով ու փափագով, որ «արդյո՞ք մեզ ևս բախտ կվիճակվի կռվել հայրենիքի ազատագրության համար»: Անկախ Հայաստանի խորհրդանիշներ եռագույն դրոշն ու գերբը միայն ու միայն կանգուն էին Դաշնակցության կենտրոններում, որոնք պահվում էին սրբությամբ ու ամենայն հարգանքով՝ ճիշտ ժամանակին ու օրը հետ վերադարձնելու հայկական անկախ պետականությանը։
Այդ պայմաններում ծնվեց պահանջատիրության՝ անիրավության դեմ զենքով պայքարի գաղափարը։ 1974թ․ թիրախ դարձան հաստատություններն ու դիվանագետները, այդ ձևով միջազգային բեմերում բարձրացնելով հայ ժողովրդի կամքն ու վճռականությունը իր իրավունքներին տիրանալու ուղղությամբ։
Քառասուն տարվա հեռավորությամբ, երբ հետհայացք ենք ուղղում պայքարի այդ ոճով իրականություն դարձած շոշոփելի ձեռքբերումներին, այլընտրանք չունենք, բացի դասերի սերտելուց ու հարգանք տածելուց այդ օրերի սխրանքներ իրականացրած սերունդներին։
Այսօր կանգնած ենք հայրենիքը կորցնելու իրական վտանգի առջև։ Մոտիկ անցյալում ևս ականատեսն ենք եղել հազարավոր հայորդիների՝ հանուն հայրենիքի անկախության ու ազատության համար պայքարի իրական դրվագների, սակայն միշտ էլ առաջամարտիկների այդ ուղղությամբ լիակատար նվիրումով ամենաթանկը զոհաբերողները դասվելու են որպես ընդօրինակելի հերոսներ։
Ահա այն խորհուրդը, որը մեզ է փոխանցվել քառասուն տարիներ առաջ և պիտի մեզ գոտեպնդի դիմակայելու և անդրդվելի լինելու համար։
«Ապառաժ»-ի խմբագրական
31 հուլիսի, 2023թ.