կարևոր
3775 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-03 19:24
Քաղաքական

Հայաստանի ԱԽ քարտուղարը ամերիկացիների մոտ բողոքել է ռուսներից

Հայաստանի ԱԽ քարտուղարը ամերիկացիների մոտ բողոքել է ռուսներից

Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաալիքն այսպես է բնութագրել վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներկայացնելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ իր հարցազրույցը, որն արվել է հայ պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Ըստ Fox News-ի՝ հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանի հակառակորդին՝ Ադրբեջանին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախորդ շաբաթ մի շարք կարևոր հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, Պաշտպանության դեպարտամենտի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին «նոր բան չէ», դա «երկար պատմություն է», որի մասին Հայաստանը բարձրաձայնել է Մոսկվայի առջև:

«Դա հրապարակային տեղեկություն է: Այո՛, դա ճիշտ է: Եվ դա շատ է անհանգստացնում մեզ: Դա նոր բան չէ», - ասել է Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին:

Հարցազրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-14-ին իրականացված ռազմական ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի և դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից: