կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 17:56
Աշխարհ

Աթենքը երկյուղում է՝ Թուրքիան միգրանտների փրկության կամ որոնման պատրվակով կարող է սադրանքներ իրականացնել

Աթենքը երկյուղում է՝ Թուրքիան միգրանտների փրկության կամ որոնման պատրվակով կարող է սադրանքներ իրականացնել

Էգեյան ծովի ամբողջ տարածքում անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում, քանի որ Աթենքը երկյուղում է՝ Թուրքիան միգրանտների փրկության կամ որոնման պատրվակով կարող է սադրանքներ իրականացնել հունական կղզիներում. ըստ yerkir.am-ի՝ գրում է հունական Kathimerini պարբերականը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ շարունակել է սադրիչ հայտարարություններ անել. «Մի օր հույները կհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ իրենք կարեկցություն կաղաչեն»:

Ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը չի բացառել, որ փախստականներին գուցե ուղարկեն չբնակեցված կղզիներ, ընդ որում՝ սիրիացիները փախստականների թվում քիչ են, նրանք հիմնականում Սոմալիից են, Սուդանից, Աֆղանստանից, Իրաքից: Նա նաև կտրականապես հերքել է թուրքական իշխանությունների պնդումները, թե անվտանգության հունական ուժերը վիրավորել կամ սպանել են Հունաստանի տարածք մուտք գործելու փորձ անող փախստականների:

Երեկ լարվածությունը Հունաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանին պահպանվել է: Նոր բախումներ են եղել Կաստանիս գյուղի մոտակայքում: Միգրանտներին ցրելու համար ոստիկանությունը արցուքաբեր գազ է կիրառել:

Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ԵՄ երկրներին կոչ արել միջամտել իրավիճակին, ըստ նրանց՝  «մարդասիրության ճգնաժամին» լուծում տալու համար: «Երկրները, ըստ ցանկության, չեն կարող խուսափել փախստականների պաշտպանության պատասխանատվությունից: Հունաստանը պարտավոր է ապահովել մարդու՝ ապաստան ունենալու իրավունքը, իսկ ԵՄ-ն պետք է աջակցի նրան»,- ասել է  կազմակերպության եվրոպական գրասենյակի տնօրեն Իվ Գեդդին:

Հունաստանի կառավարությունը ծրագրում է երկրի հյուսիսում նոր կենտրոն բացել մարտի 1-ից հետո Հունաստան մուտք գործած ապօրինի միգրանտների համար, որտեղ նրանք կմնան մինչև երկրից արտաքսումը: Չորեքշաբթի տեղեկություն է տարածվել, որ կա՛մ կենտրոնական Հունաստանում ՝ Լամիայում, կա՛մ Ատտիկայի շրջանում երկրորդ կենտրոնը կբացվի:

Հունական հիվանդանոցների արհմիությունը միգրանտների նոր հոսքին ծառայություններ մատուցելու նպատակով կոչ է արել անհապաղ ուժեղացնել բժշկական հաստատությունները Լեսբոս, Սամոս, Խիոս և Լերոս կղզիներում՝ ուղարկելով լրացուցիչ անձնակազմ և սարքավորումներ: