կարևոր
3904 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-28 16:05
Քաղաքական

Իրանում բոլոր մակարդակներում եղել են շատ լուրջ հայտարարություններ. Ռոբերտ Քոչարյան

Իրանում բոլոր մակարդակներում եղել են շատ լուրջ հայտարարություններ. Ռոբերտ Քոչարյան

«Մենք արդեն երկու տարի կորցրել ենք։ Հիմա էլ չանե՞նք, էլի ասենք՝ հիմա վիճակը լավ չէ, մեկ տարի հետո ասելու ենք՝ մենք ժամանակ ունե՞նք։ Սա այն քայլն է, որը մեկ  է, պետք է անես։ Երբեք խաղաղություն չես ունենալու, եթե չունենաս մարտունակ բանակ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Իրանի միջոցով ժամանակ սառեցնել այնպես, որ Հայաստանը շնչելու ժամանակ ունենա ու բանակի մարտունակությունը վերականգնի։

Նա նշեց, որ սա ուղղակի այբուբեն է, զարմանում է, որ նույնիսկ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց այս այբուբենը պետք է բացատրել:  

«Դուք Իրանից բացի այլ երկիր տեսնո՞ւմ եք, որը պատրաստ է ... Ես իրանցիների հետ չեմ բանակցել, բայց ես գիտեմ, տիրապետում եմ նման ինֆորմացիայի, որ նման առաջարկ և նման բանակցություններ եղել են: Իրանում բոլոր մակարդակներում եղել են շատ լուրջ հայտարարություններ՝ սկսած հոգևոր առաջնորդից, նախագահից և բարձրաստիճան զինվորականներից: Կարծես ասեն՝ եկեք բանակցենք, մենք ինչով կարող ենք օգտակար լինել այս հարցում։

Չլսել դա, չհասկանալ, թե  ինչի մասին է խոսքը, հնարավոր չէ։ Ինչո՞ւ դա չարվեց մեկ տարի առաջ, երկու տարի առաջ։ Դա պետք է արվեր գոնե 2021 թվականի հունվար-փետրվարին, գոնե գարնանը։ Ժամանակ ունեցել ենք։ Հիմա պետք է անենք, որ մեկ, երկու տարի հետո չասենք՝ ժամանակ ունե՞նք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ տեսնո՞ւմ է Հայաստանը Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց.  «Երբ ես առաջարկում եմ Իրանին ներգրավել մեր անվտանգային նոր ճարտարապետության մեջ, սա նշանակում է, որ պետք է իրավիճակը գնահատես և այնպիսի լուծումներ առաջարկես, որը առաջացած պրոբլեմը չեզոքացնում է:

Ես չեմ կարծում, որ հիմա որևէ առիթ եմ տվել մտածելու, թե Միութենական պետության միանալ եմ առաջարկում: Մեկ տարի առաջ ևս անորոշ էր իմ պատասխանը, որովհետև համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել: Չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգային խնդիրները:

Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

Նա նշեց, որ իր առաջարկը պաշտպանական ոլորտում ոչ թե փոփոխություններ անելն է, այլ բացը կոմպենսացնել, որն իրավիճակի պատճառով ստեղծվել է մեր այդ համակարգում:

«Իմ առաջարկը ոչ թե փոխարինել այդ համակարգը մեկ ուրիշ համակարգով, իմ առաջարկն է համալրել այդ համակարգը։ 

Եթե ՌԴ-ն կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններով, ուրեմն պետք է ներգարվել ևս մեկ երկիր, որն այդպիսի կաշկանդվածություն չունի, հատկապես որ այդ երկիրը բարեկամ երկիր է Ռուսաստանի հետ: Հատկապես այսօր այդ հարաբերությունները բավական ակտիվ զարգանում են։ Սա որոշակի համարձակություն է պահանջում։ 

Մենք երբ կառուցում էինք Հայաստան-Իրան գազատարը, հեշտ չէր այդ որոշումը կյանքի կոչել։ Խանդ կար Ռուսաստանում «Գազպրոմի» կողմից, համոզեցինք, որ դա մեր էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոնը պետք է դառնա, հարց կար նաև ԱՄՆ հետ։ Մենք իրենց կարողացանք համոզել՝ չխանգարել,  իրենց շահերին ևս չի  հակասում։ Հաջողվեց, դա արեցինք։ 

Պարզեցնեմ ևս մեկ անգամ. միջանցք ասվածը պրոբլեմ չի ստեղծում ոչ ԱՄՆ համար, ոչ Ֆրանսիայի, ոչ Եգիպտոսի, ոչ Ռուսաստանի, ամենամեծ խնդիրը մեզ համար է և Իրանի:

Եթե մի պետություն իր համար դա մեծ խնդիր է համարում, պատրաստ է ավելի շատ ռեսուրսներ ներդնել այդ պրոբլեմը չեզոքացնելու համար: Դա մենք երբևէ չպետք է հակադրենք ՌԴ շահերին, պետք է համալրենք»,-ասաց  ՀՀ երկրորդ նախագահը։ 

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, մտածել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքը հնարավոր է բերել այստեղ, որտեղ կա ռուսական բազա, ու նաև միաժամանակ Իրանի հետ հարաբերություններ կառուցել, ուղղակի չի ստացվի, ավելորդ լարվածության աղբյուր է դառնալու. «Դրա համար ոչ թե այս պահից ելնելով քայլեր ձեռնարկել, վազել մի կողմ, հետո մյուս կողմ, ուղղակի մտածված,  լուրջ դիվանագիտական աշխատանք տանել այդ պետությունների հետ։ Մի տեղում համոզել համատեղ ջանքեր գործադրել, մյուս տեղում համոզել, ցույց տալ, որ դա իրենց շահերին հակառակ քայլեր չեն, այս քայլերն այլընտրանք չունեն, իրենց կենսական շահերին չեն հակասում»։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, պետք է աշխատել նաև ԱՄՆ հետ։