Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրում հասարակա-քաղաքական վերջին 10-օրեայ իրադարձութիւնները, պայմանաւորւած այսպէս ասած՝ ցանցային հաղորդակցութիւններով, լայն տարածում են գտել:
Երիտասարդ 22-ամեայ Մահսա Ամինիի ողբերգական մահւան պատճառ-հետեւանքային հանգամանքները, ինչպէսեւ սպասելի էր, տարատեսակ զգայնութիւնների տեղիք են տւել ինչպէս ներքին, այնպէս էլ՝ արտաքին հասարակական ու ինչու ոչ քաղաքական հարթակներում: Եւ տւեալ դէպքում էլ անխուսափելի են դառնում մտքերի, մօտեցումների, կարծիքների ու այդ ամենի կոնտեքստում՝ շահերի, հետեւաբար եւ՝ չարաշահումների բախումն ու դրանք միմեանցից զանազանելու բարդ եւ յաճախ ապակողմնորոշող իրավիճակները:
Վերոնշեալ տխուր իրադարձութեան հէնց սկզբից միջամուխ՝ ժողովրդական-հասարակական, թէ՛ պետական-իշխանական կառոյցներն ու միաւորները բնականաբար հանդէս են եկել սեփական գնահատականներով ու յայտարարութիւններով: Իսկ դրա արդիւնքում էլ, ուզենք թէ չուզենք, ձեւաւորւում ու առաջանում են այսպէս ասած՝ ցուցարար-բողոքաւորների (ծայրայեղ դէպքում՝ «անկարգութիւններ հրահրողների») եւ տւեալ բողոքներին վերահասու մարմինների եւ պատասխանատուների միջեւ նոյնիսկ մտքերի ու մօտեցումների ու տեղ-տեղ էլ գործողութիւնների կոշտ ու անհաշտ բախումներ…
Երեւի ճիշտ էլ չի լինի երկրում վերջին օրերի իրադարձութիւնները համարել հերթականը, քանզի դրանց տոն տւող գործօնները (լինեն դրանք տնտեսական, հասարակական թէ ազգային- մշակութային կամ՝ քաղաքական), առաջանում են օրինաչափօրէն տարբեր երկրների տարբեր հասարակութիւններում… զորօրինակ՝ Ֆրանսիայի «դեղին բաճկոնաւորների» մէկամեայ բողոքի ցոյցներն ու պահանջատիրութիւնը:
Իրանում եւս բարեբախտաբար, արդէն նշմարելի է խռովութիւններին ու արդարացի բողոքներին բարւոք լուծում գտնելու կամքի դրսեւորումը: Սկզբից անմիջապէս միջամուխ է դարձել դատական-իրաւական իշխանութիւնը, իսկ այժմ էլ՝ հոգեւոր-կրօնական հեղինակութիւններն են իրենց յորդոր-յայտարարութիւններով ուղղորդում պատասխանատուներին, ինչպէսեւ բողոքաւորներին, որպէսզի չխաթարւեն արդար ու անաչառ ելքերն ու լուծումները:
Տայ Աստւած, որ նմանօրինակ փոխհասկացութեան ու փոխըմբռնման մթնոլորտում էլ վերականգնւի թէ՛ արդարութիւնը, եւ թէ՛ յատկապէս բացառւեն արտաքին այնպիսի միջամտութիւններն ու չարաշահումները, որոնք կը վտանգեն ու հարցականի տակ կը դնեն իրանական երկրի պետական անսասանութիւնն ու կայունութիւնը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ