կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 12:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ պատգամավորներին թույլ չտվեցին մտնել «Մարիոթ», որտեղ ժողովրդավարության մասին քննարկման են Թրեյսին ու Փաշինյանը

«Դիմադրություն» շարժման մասնակից պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոցի շենք, որտեղ ժողովրդավարության թեմայով քննարկման են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց շենքի մուտքի մոտ Փաշինյանի անվտանգությունը պահպանողները թույլ չտվեցին ներս մտնել և մոտենալ քննարկման դահլիճին՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Հիշում ե՞ք, էն մեկն ասում էր, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, հիմա ԱԺ պատգամավորներով, ովքեր ունեն անձեռնմխելիություն, մտնելու ենք «Մարիոթի» շենք։ ԱԺ պատգամավորներին չեք կարող թույլ չտալ, հենց հիմա բացում եք պատնեշը՝ միայն ԱԺ պատգամավորներով մտնում ենք ներս»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորները մտնում են ներս, որ ցույց տան մեր երկրում ժողովրդավարության իրական վիճակը։

Լրագրողներին ընդհանրապես թույլ չտվեցին անգամ շենքի մուտքից ներս մտնել։

ԱԺ պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան լայվով ցույց տվեց՝ ինչ է կատարվում արդեն հյուրանոցի ներսում՝ դեպի քննարկման դահլիճ ճանապարհին, որտեղ իրենց թույլ չէին տվել առաջանալ՝ պատճառաբանելով, որ նախապես տրամադրված ցուցակում իրենց անունը չկա։

«Բացառապես իշխանական պատգամավորներ են հրավիրում ժողովրդավարության հարցը քննարկելու, բայց ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս։ Մեզ քաշքշեցին և թույլ չտվեցին։ Այնտեղ է նաև ԱՄՆ դեսպանը, ով իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ խառվելով ՀՀ ներքաղաքական կյանքին։ Եվ այս մարդիկ հայկական ժողովրդավարություն են քննարկում և լրատվամիջոցներին թույլ չտվեցին մուտք գործել»,-հայտարարեց Ագնեսսա Խամոյանը։

Պատգամավորները, ստիպված, դուրս եկան շենքից և իրավիճակը ներկայացրին ակցիայի մասնակիցներին։

Ակցիան այս պահին համարեցին ավարտված և հրավիրեցին 16։30 գալ Ֆրանսիայի հրապարակ։

Մինչ այդ ցուցարարները Փաշինյանին դիմավորել էին «Նիկո՛լ, հողատու», «Նիկոլ, դավաճան»՝ վանկարկումներով։

Նիկոլը հյուրանոց էր եկել՝ գաղտագողի, շրջանցելով ցուցարարներին, ոստիկանական կորտեժի հետևից գնալով։

Ավելի վաղ Շարժման մասնակիցները երթով գնացել էին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ Լիտվայի նախագահը հանդիպում էր ՀՀ պաշտոնակցի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․