կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 19:21
Հասարակություն

Եվրահանձնաժողովը խճճվել է ռուսական գազի դիմաց վճարման հարցով իր հանձնարարականներում

Եվրահանձնաժողովը խճճվել է ռուսական գազի դիմաց վճարման հարցով իր հանձնարարականներում

Եվրահանձնաժողովն այս շաբաթ ԵՄ անդամ երկրներին ասել է, որ դրանք կարող են շարունակել ռուսական գազ գնել՝ առանց պատժամիջոցները խախտելու, հաղորդում է Reuters-ը։ Հանձնաժողովը խորհուրդ է տվել ընկերություններին ռուբլով բանկային հաշիվ չբացել «Գազպրոմբանկ»-ում, ինչպես պահանջում է Կրեմլը, սակայն հստակ չի նշել, որ դա կխախտի պատժամիջոցները կառավարությունների համար այս հարցով պաշտոնական գրավոր ուղեցույցում:

Ըստ այս խնդրին ծանոթ պաշտոնյաների՝ Եվրահանձնաժողովը հանձնարարականները ներկայացրել է փակ նիստի ժամանակ:

Եվրոպական միությունում ընկերությունները փորձում են պարզել, թե ինչպես շարունակեն գնել ռուսական գազը, երբ Մոսկվան օտարերկրյա գնորդներից պահանջել է սկսել ռուբլով վճարել եւ դադարեցրել է մատակարարումները Լեհաստան եւ Բուլղարիա՝ ռուբլով վճարել հրաժարվելու պատճառով:

ԵՄ-ի նիստին Հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ընկերությունները կարող են շարունակել ռուսական գազ գնել՝ առանց պատժամիջոցները խախտելու, եթե վճարեն իրենց գործող պայմանագրերի արժույթով եւ պնդեն, որ դա կատարում է իրենց պայմանագրային պարտավորությունները, հայտարարել են ԵՄ պաշտոնյաները:

Եվրոպական ընկերությունների մեծ մասի պայմանագրերը ռուսական գազային հսկա «Գազպրոմ»-ի հետ կնքվում են եվրոյով կամ դոլարով։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այլեւս չունի վերջնական դիրքորոշում այն հարցում՝ արդյո՞ք ընկերությունները կարող են ռուբլով հաշիվներ բացել «Գազպրոմբանկ»-ում դա անելու համար, սակայն, պաշտոնյաների խոսքով, խորհուրդ չի տվել դա անել:

Խորհուրդն իրավական ուժ չունի եւ կարող է արդյունավետորեն անտեսվել ընկերությունների կողմից: Գազի վճարումների վերաբերյալ իր վերջին գրավոր ուղեցույցում, որն ավելի մեծ իրավաբանական ուժ ունի եւ որին ծանոթացել է Reuters-ը, Հանձնաժողովը չի հստակեցրել՝ արդյո՞ք ռուբլով հաշվի բացումը խախտում է պատժամիջոցները՝ ավելի հին փաստաթղթի համաձայն:

Լեհաստանը հանդիպմանը խնդրել է ավելի հստակ ուղեցույց տրամադրել՝ արդյո՞ք ռուբլու հաշիվները թույլատրված են, այն բանից հետո, երբ երեքշաբթի Հանձնաժողովի ներկայացուցիչը կարծես դուրս եկավ գրավոր ուղեցույցների շրջանակից՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարելով, որ դա, ըստ Բրյուսելի, դուրս է պատժամիջոցների շրջանակներում թույլատրվածի սահմաններից:

Նույն ներկայացուցիչը հինգշաբթի ասել է, որ ընկերությունների համար պարզապես «նպատակահարմար չէ» ռուբլով հաշիվներ բացել՝ հրաժարվելով վերջնական պատասխաններ տալ այդպիսի հաշիվների օրինականության վերաբերյալ կոնկրետ հարցերին։

Նա հավելել է, որ ԵՄ երկրները պատասխանատվություն են կրում դաշինքի պատժամիջոցներին հետեւելու համար։ Բրյուսելը կարող է դատի տալ կառավարություններին, որոնք չեն ապահովում դրանց կատարում:

Ռուսաստանը հայտարարել է, որ օտարերկրյա ընկերություններին անհրաժեշտ է երկու հաշիվ՝ վճարման նոր մեխանիզմին համապատասխանելու համար՝ մեկը արտարժույթով, մյուսը՝ ռուբլով:

Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը ներկայացրել է մինչեւ 2027 թ. ռուսական հանածո վառելիքից Եվրոպայի կախվածության կրճատման պլանը, ինչի համար, ըստ նրա, 210 միլիարդ եվրոյի ներդրում կպահանջվի: