Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ամբողջական ելույթը Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ։
Սիրելի հայրենակիցներ,
Ժողովրդական խոսք կա՝ մարդ եթե տաղանդավոր է, տաղանդավոր է ամեն ինչում։ Նմանապես, մարդ եթե անտաղանդ է, անտաղանդ է ամեն ինչում։ Կառավարությունը, որը ձախողել է երկրի պաշտպանությունը, արտաքին հարաբերությունները, չէր կարող հաջողել տնտեսական քաղաքականության մեջ։ Իսկ հասկանալու համար, թե ինչ վիճակում է տնտեսությունը, բավարար է մտնել որևէ մթերային խանութ, նայել ապրանքների գներին ու մարդկանց գնումներին։ Գներն ահռելի աճ են արձանագրել։ Ձեթը, որը տարի, տարի ու կես առաջ կարելի էր գնել 700-750 դրամով, հիմա արժե 1000-1200 դրամ, կարագը 4000 դրամից դարձել է 5000, մի լիտր կաթը 400-420 դրամից դարձել է նվազագույնը 500 դրամ։ Այս սարսափելի գնաճի պայմաններում մարդիկ, իրենց համեստ եկամուտներով, գնում են կամ այն ինչ վաճառվում է այսպես կոչված ակցիայով, կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Որքան էլ կառավարությունը փորձի ինչ որ անհասկանալի թվերով ու պրիմիտիվ մանիպուլյացիաներով ներկայացնի թե մենք Շվեյցարիայից մի քիչ ենք վատ ապրում, մարդկանց կենսամակարդակի անկումը լրիվ այլ բան է փաստում։ Բայց, քանի որ կառավարությունը թվեր է մեր աչքը մտցնում, հենց թվերի լեզվով ցույց թե ինչ է իրենից ներկայացնում նիկոլի տնտեսական հրաշքը։
Մինչև բուն նյութիս անցնելը դիմում են ՀՀ ֆինանսների նախարարին։ Պարոն նախարար, գոնե մի քիչ մասնագիտական պարկեշտություն ունեցիր։ Երբ ասում եք, որ 2021-ին արձանագրած 5,7 տոկոս տնտեսական աճի մասին ու հպարտորեն հայտարարում եք, որ այն ավելի մեծ էր, քան տարվա սկզբին նախատեսած 3,5 տոկոսը, ինչու՞ չեք ասում, որ տարվա կեսին վերանայել էիք կանխատեսումը ու այն դարձրել 6,5 տոկոս։ Ցանկացած կատարողական հաշվարկվում է վերանայված պլանի նկատմամբ։ Դուք չգիտե՞ք դա։ Շատ լավ գիտեք, բայց թաքցնում եք, որ կառավարությունը չի ապահովել իր առաջ դրված պլանային ցուցանիշը։ Նաև մոռանում եք ասել, որ 2021 թվականին դուք չհասաք նույնիսկ 2019-ի արդյունքներին։ Չեք ասում, որ 2021-ին մեր տնտեսական աճն ավելի ցածր էր քան համաշխարհային միջինը և համադրելի երկրների միջինը։ Չեք ասում, ես կասեմ։ 2021-ին համաշխարհային տնտեսական աճը կազմել էր 6,8 տոկոս, համադրելի երկրներինը՝ 6,7 տոկոս, իսկ Հայաստանինը՝ 5,7 տոկոս և սա այն դեպքում, երբ 2020-ին համաշպարհային տնտեսությունը նվազեց 3,1 տոկոսով, իսկ մերը՝ 7,6 տոկոսով։
Իսկ ինչ է իրենցի ներկայացնում մեր տնտեսությունը, Փաշինյանի տնտեսական հեղափոխության արդյունք տնտեսությունը։ Մեր համախառն ներքին արդյունքի կեսից ավելին՝ 52,8 տոկոսը, առևտուրն ու ծառայություններն են։ Ինչու՞ է առևտուրն աճել, հասկանալի է, ապրանքների գներն են աճել։ Ավելի հետաքրքրականը ծառայություններն են։ Այդ մատուցված ծառայությունների մեջ թերևս ամենամեծ բաժինը պատկանում է շահումով խաղերին, ավելի պարզ ասած՝ ղումարին։ Ժողովրդին երջանկություն ու բարօրություն խոստանալով մարդկանց նստեցրեցին ղումարի ասեղին։ Իրենց իսկ գնահատականներով ղումարի ծավալը մոտենում է 4 տրիլիոն դրամին, համարյա երկու անգամ ավելի քան 2022 թ․ բյուջեի ծրագրավորած եկամուտների ծավալը։ Մտնում ես մետրո՝ ղումարի գովազդ, փորձում ես ինտերնետով որևէ լուր կարդաս՝ ղումարի գովազդ, հեռուստացույց ես միացնում՝ ղումարի գովազդ։ Սա է իրենց կառուցած տնտեսությունը։ Ղումարբազությունը Նոր Հայաստանի այցեքարտը դարձրեցին։ Մարդկանց ստիպեցին մտածել ոչ թե աշխատելու այլ փող կպցնելու ուղղությամբ։ Սրանց վարած տնտեսական քաղաքականության արդյունքում մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան ղումարբազ։
Ասում էին․ «Հայաստանը ագրարային երկրից պետք է դառնա զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր»։ Դարձա՞վ։ Արդյունաբերությունը, ներառյալ էներգետիկան, կազմում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 20,3 տոկոսը։ Սրա մոտ կեսը հանքարդյունաբերությունն են, էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, կոյուղին և այլն։ Բուն մշակող արդյունաբերությունը կազմում է ներքին արդյունքի ընդամենը 11,3 տոկոսը։ Այս բնագավառի աճը կազմել է ընդամենը 3,3 տոկոս։ Կառավարությունը չէր ուզում որ Հայաստանը լինի ագրարային երկիր ու դրա համար սկսեցին քանդել գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունը շարունակական անկման մեջ է։ 2021-ին, 2020-ի համեմատ, գյուղատնտեսությունը կրճատվեց 1,5 տոկոսով։ 2022-ի առաջին եռամսյակում, 2021-ի առաջին եռամսյակի համեմատ, կրճատումը կազմեց արդեն 5,4 տոկոս, որից բուսաբուծությունը՝ համարյա 25 տոկոս։ Ա՞յլ արդյունք էիք ուզում։ Մարդիկ գարնանացանը չեն սուբսիդավորում, քանի որ, մեջբերում եմ, «գարնանացանի արդյունավետությունը ցածր է»։ Փոխարեն մտածեն ինչպես բարձրացնեն արդյունավետությունը, ընդհանրապես որոշում են վրան խաչ քաշել։
Հիմա կասեք․ «բա էս երկրում ղումարից բացի էլ ոչի՞նչ չի աճում»։ Աճում է։ Պետական պարտքը։ Շուտով կհատի 5 մլրդ դոլարի շեմը։ Երկիրը թաղվել է պարտքի մեջ։ Չսխալվեք, սրանք թիրախային վարկեր չեն, սրանք պարզ բյուջետային աջակցության վարկեր են։ Բյուջեում փող չկա, պարտք են անում։ Հերիք չէ բոլորիս նոր պարտքի մեջ են մխրճում, դեռ մի բան էլ հպարտանում են դրանով։
Իսկ ի՞նչ պետք է արվի։ Պետությունը պասիվ ռեգուլյատորից պետք է ակտիվ խրախուսողի դեր ստանձնի։ Մեխանիզմները շատ են։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ստեղծել պետական ձեռնարկություններ, որոնք տնտեսական աճի լոկոմոտիվի դեր կկատարեն։ Հետո կարելի է դրանք նաև մասնավորեցնել։ Բայց դա հետո։ Պետությունը պետք է խրախուսի տեղական արտադրողին։ Ժողովուրդ, 450 դրամանոց դոլարով ու 9,25 բազային տոկոսով տնտեսությունը, արտահանումը չի աճի։ Սա պարզ ճշմարտություն է։ Վերջապես, ոչ ոք չի կարող արգելել պետական գնումներում հայկական ընկերություններին արտունություն տալ։
Վերջապես մի քանի խոսք գյուղատնտեսության մասին։ Պետական գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է 3 նպատակ հետապնդի․ 1․ գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամտի աճ, 2․ պարենային անվտանգության ապահովում, 3․ տարածքային զարգացում և կենսակերպի պահպանում։ Իսկ դրա համար պետք է ակտիվ քաղաքականություն վարել, այլ ոչ թե 1000 անգամ հիշացնելուց հետո վերջը մարդկանց վերապես թանկ սելիտրայով ապահովել կամ հատ ու կենտ ագրոբիզնեսի ձեռնարկություններ ֆինանսավորել։
Շնորհակալություն
Ելույթի տեսագրությունը՝ ստորեւ