ՀՅԴ֊ն 131 տարեկան է։ Պետք է անկեղծ լինել և խոստովանել, որ ՀՅԴ֊ն մեր ազգային֊քաղաքական պատմության անկասկածելի ձեռքբերումներից է և աշխարհին ներկայանալիք այցեքարտ։
Ես ՀՅԴ անդամ չեմ և չեմ պատրաստվում դառնալ։ Սա ո՛չ համակրանքի և ո՛չ էլ հակակրանքի վկայություն չէ։ Բոլորովին։ Պարզապես համոզմունք է։ Համոզմունք առ այն, որ կուսակցական պատկանելությունը անխուսափելիորեն բերում է անձի ազատության որոշ սահմանափակումների։ Երիտասարդ տարիներին եղել եմ կոմկուսի անդամ և այդ մասին լավ գիտեմ։ ՀՅԴ֊ին անդամագրվելը պահանջում է մեծ հավատ և նվիրվածություն, ինչը գուցե և ինձ մոտ բավարար չէ։ Գուցե։
Շատերն են իմ մտերիմներին հարցնում, նույնիսկ համոզմունք հայտնում, թե ես ՀՅԴ գաղտնի անդամ եմ։ Անհեթեթություն։ ՀՅԴ֊ն ո՛չ գործակալություն է, ո՛չ էլ, մանավանդ, КГБ։ Այն ԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ կուսակցություն է, որ ամբողջ 131 տարի անմնացո՛րդ նվիրվել է ազգային վեհ գաղափարների իրագործմանը։ Ծանր գնով, մեծ զոհողությունների, անհնարին թվացող նվիրումի գնով։ Սա ի գիտություն ՀՅԴ֊ին տեղին կամ անտեղի քննադատողների։ Անշուշտ, ՀՅԴ֊ի գործունեության մեջ եղել են վրիպումներ, անգամ սխալներ այդ երկարուձիգ ճանապարհին։ Եղել են, և չէին կարող չլինել։ Որովհետև սխալները լինում են գործելիս, իսկ ամբոխավության դեպքում կամ ճամարտակելիս դրանք կա՛մ չեն նկատվում, կա՛մ հեշտ են մոռացվում։
ՀՅԴ֊ն հալածվել է և՛ թուրքիայում,, և՛ սովետմիությունում, և՛ մեզանում։ Հիշենք Բակունցին, Չարենցին, մյուսներին, որոնց հիմնականում մեղադրում էին տրոցկիստ կամ դաշնակցական լինելու մեջ։ Հիշենք նաև լտպ֊ական դժգույն (ոչ Շուշիին տրված բնութագրի իմաստով) ժամանակները, Վահան Հովհաննիսյանի դատավարությունը, Հ. Մարուխյանի արտաքսումը։
Շատ բան կա հիշելու։ Այսօր ՀՀ֊ում բազում կուսակցություններ կան։ Իրական և ոչ այնքան իրական։ Անցել են շատերը, որոնց մասին այսօր քիչ բան կա կամ բոլորովին բան չկա հիշելու։ Անցնելու են էլի շատերը։ ՀՅԴ֊Ն անկասկած մնալու է։ Պատմությունն է վկայում։
Ափսոսում եմ, որ հրավիրված էի, բայց առողջական խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել ԱԶԳԱՅԻՆ կուսակցության 131֊ամյակի հանդիսությանը։
Շնորհավորում եմ ՀՅԴ բոլոր անդամներին։ Մաղթում եմ հաջողություն իրենց ազգանպաստ գործունեության մեջ։