կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 15:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իր հայկական էությունից պարտված իշխանությունը չի կարող բանակցել հայկական շահերի համար․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Այս Եռատոնը մեզ համար խորհրդանշում է այն վճռականությունը, որ ունի հայ ժողովուրդը աշխարհով մեկ՝ պաշտպանելու իր իրավունքը, և այսօր այդ իրավունքի առաջին գծի վրա է Արցախը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Եռաբլուր պանթեոնում, որտեղ ՀՅԴ Բյուրոյի անդամները ծաղիկներ խոնարհեցին Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին։

«Դժվար է ասել երբ և ինչպես, բայց այս օրը նաև վճռականության վերականգնման օր է և մենք, որպես Հայ Հեղափոխական Դաշնակցություն, պատրաստ ենք աշխարհով մեկ աշխատել, որպեսզի Արցախը գտնի իր նախկին աշխուժությունը, Արցախը մնա ամբողջովին հայկական և երբեք չգտնվի Ադրբեջանի կազմում»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Այդ ուղղությամբ մենք պատրաստ ենք Հայ Դատի աշխատանք տանելու աշխարհով մեկ, նշեց նա, պատրաստ ենք մասնակցելու ազատագրական պայքարին և պատրաստ ենք ամեն գնով օժանդակելու, որ Արցախի ժողովուրդը մենակ չզգա իրեն և զգա ամբողջ հայության նեցուկը։

«Այդ ամբողջը պահի հարց է․ հիմնականն այն է, որ դու պետք է լինես միշտ պատրաստ ամեն զոհողության Արցախի սահմանները վերականգնելու համար և հայաթափման դեմն առնելու համար, որովհետև մենք հավատում ենք, որ իսկապես Արցախը մեզ համար աննահանջելի կետ է և որևէ մեկ ձևով չենք կարող հաշտվել այս իրողության հետ․ սա պարզապես ճակատամարտի կորուստ է, պատերազմը կշարունակենք»,-հայտարարեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Իր հայկական էությունից պարտված իշխանությունը չի կարող բանակցել հայկական շահերի համար, ստահեցրեց նա, սա ակներև է, սա հստակ երևում է այսօր և դրա համար է, որ այս իշխանությունը պետք է հեռանա։

«Հետևաբար, մեր փափագն է, որ այսպիսի ծանր պարտություն կրած իշխանությունն ինքն ադրադառնա իր մեղքի բաժնին և անցնցում հեռանա բեմից, որպեսզի մեկ անգամ ևս խնայվի Հայաստանի և Արցախի նորանոր ներքին խլրտումները, բայց, դժբախտաբար, այդպես չէ ներքին կացությունը։ Շատ սխալ և անարդար կներկայացվի, թե այս իշխանությունը ստացել է մանդատ բանակցությունները այս ձևով վարելու, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է՝ այս իշխանությունը ոչ մի մանդատ չի ստացել հավելյալ և միակողմանի զիջումների տանելու մեր հայրենիքը թե՛ Հայաստան աշխարհում, և թե՛ Արցախ աշխարհում»,-ասաց Հակոբ տեր-Խաչատուրյանը։

Իսկ վտանգավոր երևույթները, որ ի հայտ են եկել մանավանդ այս վերջին շրջանում, նշեց նա, վարչապետի բերանից հնչած այն հայտարարություններն են, որ Հայաստանը խուսափում է իր ունեցած պատասխանատվությունից Արցախի նկատմամբ, մանավանդ անվտանգության ոլորտում, նույնիսկ հանդգնելով, հայ-թուրքական հարաբերությունների ծիրում, Ցեղապանության հետապնդման պատասխանատվությունը դնել միայն Սփյուռքի վրա։  

Մանրամասն՝ տեսանյութում․