կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 23:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունը հանրաքվեին պասիվ կեցվածք չի ունենալու․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Դաշնակցությունը պասիվ կեցվածք չի ունենալու, թեև ասել է, որ պետք է անտեսել և բացառել ՍԴ 7 անդամից ազատվելու հանրաքվեին «Այո»-ի հաղթանակը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Բնականաբար, որպես Հայ Հեղափոխական Դաշնակցություն, մենք պիտի ունենանք աշխույժ մասնակցություն, որ նվազագույնը՝ տեսնենք, որ այս գործընթացը, որ սկսված է հակառակ մեր կամքին, ընթանա արդար և թափանցիկ ձևով»,-հիմնավորեց նա։

Բացի այդ, Դաշնակցությունը պատրաստ է գործակցելու «Այո»-ն բացառող բոլոր կողմերի հետ՝ հիմնականում նպատակ ունենալով կանխել ընտրակեղծիքները, որպեսզի հստակ լինի՝ որն է ժողովրդի իրական կամքը։

«Մեր կեցվածքը հստակորեն բանաձևված է՝ ըսելով, որ այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է և անընդունելի՝ այն պարզ հիմնավորումով, որ մենք չենք խորհի, որ մի քանի դատավորների փոփոխության հարցը պետք է սահմանադրական փոփոխության ճամփով տեղի ունենա։ Որովհետև, վերջ ի վերջո, Սահմանադրությունը այն փաստաթուղթը չէ, որ պետք է տարին մեկ կամ երկու տարին մեկ փոփոխության ենթարկել, որովհետև ավելի կայուն, ավելի հստակ՝ Մայր օրենքն է երկրի։ Այս ուղղությամբ է, որ լուրջ մտահոգություն ունենք և ատոր համար մենք պիտի չաջակցինք, որ լեգիտիմություն չտանք այս գործընթացին»,-ընդգծեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Այսուհանդերձ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը կասկած ունի, որ ինչ էլ լինի ժողովրդի կամքը և քվերակության արդյունքը, այն կարող է շահարկվել իշխանությունների կողմից։

Նա չի բացառում, որ այս հանրաքվեն առիթ է, որպեսզի ժողովուրդը ևս մեկ անգամ բևեռացվի, քանի որ, Հակոբ Տեր-Խաչատուրյանի դիտարկմամբ, թեև Հայաստանում իշխանությունը բացարձակ լծակներ ունի թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում, այնուամենայնիվ, խոստումների նշաձողն այնքան բարձր է դրել, որ չի կարողանում իրագործել և նախընտրում է սև ու ճերմակի պայքարներ ստեղծել, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի հիմնական խնդիրներից։

«Մենք կտրականապես դեմ ենք այն արշավին, որ կշարունակվի՝ սև ու սպիտակի բաժնելու երկիրը։ Երբեմն տարբեր ոլորտներուն մեջ կլինեն այդ բաժանումները, ըստ օրին՝ ըստ պայմաններուն՝ կարծեք թե կտեղափոխվի, բայց սև ու ճերմակի հարցը կմնա սև ու ճերմակի խնդիր։ Ատիկա ուրիշ երկրներու մեջ ալ իշխանությունները երբեմն օգտագործում են, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն բուն հարցերից։ Կկարծեմ, որ, այո՛, այդ ֆենոմենը կա Հայաստանի մեջ և սա իսկապես պառակտիչ է։ Մինչդեռ այսօր այն ժամն է, որ մեր թշնամիները Հայաստանից դուրս են, Թուրքիայով և Ադրբեջանով շրջապատված երկիր ենք, մենք ներքին թշնամիներ որոնելու աշխատանքին մեջ պետք չէ լինենք, այլ ընդհակառակը՝ համախմբենք բոլոր ժողովրդի հատվածները, որպեսզի բռնցքվինք որպես ազգ»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Հայագիտական առարկաները հետին պլան մղող՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկումներին հետևելով, Հակոբ Տեր-Խաչատուրյանը զարմանում է՝ այս փուլում ինչո՞ւ է են առաջնահերթություն դարձրել այդ հարցերը, երբ երկիրը բազում դժվարություններ ունի։

Նա, սակայն, հստակ ընգծում է, որ լինելով ազգային գաղափարախոսության հենքի վրա հաստատված կուսակցություն, բնական է, որ Դաշնակցության համար մերժելի է այդ օրինագիծը։

«Մեզ համար առաջնահերթություն են հայերեն լեզվի, գրականության և պատմության խնդիրները և ատիկա պետք է ըլլա ամեն մակարդակով։ Եվ մենք լավ գիտենք, միջազգային փորձն ալ ցույց տված է, որ երիտասարդը շատ ավելի կթրծվի, կմասնագիտանա, երբ ատ տեղի կունենա համալսարանի մակարդակով։ Ատոր համար հարց ունինք այդ երկու նյութերու խնդրով, որ դառնում են ընտրովի, իսկ եթե ընտրովի դառնան, շատերը կանտեսեն, դժբախտաբար»,-ասաց նա։

Հայ եկեղեցու պատմությունը նույնիսկ միջնակարգ դպրոցից հանելու հարցը, Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով, իսկապես լրիվ անընդունելի է․ «Որովհետև մեր Սահմանադրությունը ընդգծում է Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերը, որ անցյալին ալ խաղցած է և այսօր ալ կարող է խաղալ, մանավանդ որ պետության բացակայության տարիներին եկեղեցին նաև ստանձնած է պետության մեջ ղեկավար հանգամանք»։

Այս ամբողջ պատմությանը, ըստ նրա, աշակերտը պետք է ծանոթանա հասուն տարիքում՝ 14,15,16 տարեկանում, որպեսզի կարողանա ճիշտ արժևորել եկեղեցու դերը։ Եվ կասկած չկա, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ամբողջովին դեմ է օրինագծով սահմանված մոտեցումներին։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․