կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 22:25
Հասարակություն

Միացի՛ր շարժմանը. ապրիլի 29-ին, ժամը՝ 18:30-ին իրազեկման երթ Գյումրիում, Շառլ Ազնավուրի հրապարակից

Միացի՛ր շարժմանը. ապրիլի 29-ին, ժամը՝ 18:30-ին իրազեկման երթ Գյումրիում, Շառլ Ազնավուրի հրապարակից
Սիրելի համաքաղաքացի.
 
Ելնելով վերջին տարիներին ստեղծված իրադարձություններից բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Հայրենիքը վտանգի մեջ է, լի անկանխատեսելի անակնկալներով։ Ներկա վարչախումբն ամեն ինչ արեց, որ ստորացնի իր ժողովրդին։ Մի կողմից թանկություն, սով, համաճարակ, պատերազմ ու պարտություն ու այդ ամենի չստացված պատկերին՝ անգուն վրձնած, կեղծ խաղաղության պայմանագրերի կնքում՝ հայրենազրկում։
 
Այսօր ազգովի կանգնած ենք ջրբաժանի առաջ. մի կողմից Արցախի հայաթափում եւ կորուստ, մյուս կողմից Հայաստանի մասնատում։ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի կտոր-կտոր հանձնում, նվիրում՝ թշնամուն։
 
Ով Հայ, դուրս արի, տեր կանգնիր Հայրենիքիդ, քո վճռական Ո՛Չ-ն ասա թուրքացմանը։ Տեր կանգնիր զավակիդ ապագային։ Փրկի՛ր միաձուլումից։ Այսօր է, հիմա է քո գործելու ժամանակը։ Անտարբեր մի՛ եղիր քո եւ զավակներիդ ինքնուրույնության նկատմամբ։ Հայրենիքը բոլորինս է եւ այդ Հայրենիքի համար մեր եւ ձեր զավակները նվիրաբերելով իրենց կյանքը պատգամ թողեցին. Այն, ոչ մի կերպ չանարգել։ Հայրենիքը միայն դատարկ բաժակաճառով սիրելու երեւակայական դրսեւորում չէ, Հայրենիքին պիտի նաեւ տե՛ր կանգնել։
 
Թշնամին՝ նույնն է, երեկ եւ այսօր։ Ոչինչ չի փոխվել նրա մտքում, եւ նա ամենահարմար առիթը անպայման կօգտագործի քեզ մորթազերծ անելու։ Մեկ վայրկյան անգամ չկասկածես։ Վկա, վերջին պատերազմն ու դրանից հետո ստեղծված վիճակները։
 
Սիրելի հայրենակից, քո եւ թշնամուդ տարբերությունը սա է. նա՝ տարածք է ուզում, դու՝ Հայրենիք։ Չփորձես հավատալ նրա կեղծ բարեպաշտությանը։ Թշնամին, նույն ժառանգն է Բելի, դու՝ Հայկի թոռը։
 
Դու՛րս արի, միացի՛ր ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆԸ, Պայքարիր զավակիդ լինելիության համար։
 
Հիշի՛ր, վաղը ուշ է լինելու եւ դու անզոր պիտի գտնվես այդ ամենը շտկելու համար։ Այսօր ունե՛ս փրկվելու այդ լայն հնարավորությունը։ Միացի՛ր շարժմանը։ Օրվա կռիվը թագավորի համար չէ՛, օրվա կռիվը թագավորի վարած քաղաքականության դեմ է։ Նայի՛ր շուրջ, տես որքան հուսալքված ու անօգնական բարեկամներ ունես։ Արդյոք արժանի՞ են նրանք, խեղճանալու։ Այս պայքարը ինձ, քեզ, նրան, թույլ կտա վերագտնելու եւ ինքնահաստատվելու մեր սեփական Հայրենիքի սահմաններից ներս։
 
Համատարած անտերության ու անտարբերության պայմաններում ցավն ավելի կխորանա ու բուժումն ավելի անիրատեսական կդառնա։
 
Սթափվի՛ր, թա՛փ տու քեզ, Դիմադրի՛ր, Պայքարի՛ր, փշրի՛ր բռնության շղթաներդ, որոնցով կապկպված են ձեռքերդ։ Ազատի՛ր քեզ, եւ ազատի՛ր զավակիդ անագ(ված) ապրելու իրական վտանգից։
 
Հիշի՛ր, դու, կարո՛ղ ես…
 
Ձեռքդ թափ չտաս դատարկ օդում եւ ոչինչ չասող հայացքով նայես Վրեժի աչքերին ու գլխիկոր հեռանաս։
 
Հայրենակի՛ց, հիշի՛ր, դու՛ ես որոշողը, թե ում հետ եւ ինչ կարգով ես ապրելու քո վաղվա օրը։ Եթե, դեռ քո մեջ մնացել է պապիցդ փոխանցված վրեժի հիշողությունը, ապա, մի երկմտիր, տու՛ր ձեռքդ, միասին դուրս գանք չարի դեմ, արդարության համար։
 
Հիշի՛ր.
 
Որդիներիդ արյամբ ներկված Արցախի հողին թշնամիդ թքում է։
 
Հիշի՛ր.
 
Վախկոտ ու ապաշնորհ իշխանավորներիդ ստրուկի հոգեբանությունից օգտվելով Հայրենիքդ մասնատվում է…
 
Դու, իրավունք չունես լռելու, եթե չես ուզում զավակիդ անեծքը խարան լինի ճակատիդ։
 
Վե՛ր կաց, Ազգ, բռունցքվիր ու փշրիր խեղճության կապանքները։
 
Վաղն ուշ կլինի։
 
Դու՝ կարո՛ղ ես…
 
Ես հավատում եմ քո բռունցքի վճռական զարկին…
 
Մի՛ խեղճացիր…
 
Մի՛ հավատա կեղծ մտահոգներին…
 
Մի վստահիր թիկունքդ՝ թշնամուդ…
 
Դու՛րս արի, վստահի՛ր քեզ ու հավատա՛ ինձ։
 
Մենք միասին ենք պայքարելու…
 
Զարթի՛ր, լաո…
 
Արա Նախշքարյան