կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 18:54
Քաղաքական

Գլխավոր հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն է. Փաշինյանը՝ Պուտինին

Գլխավոր հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն է. Փաշինյանը՝ Պուտինին

Այս այցն ունի ոչ միայն պրակտիկ, այլեւ խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակին եւ ցույց է տալիս, որ մեր 2 երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ավելի արդյունավետ կլինի. «Մենք մշտապես կապի մեջ ենք, շատ հաճախ հանդիպում ենք, հեռախոսազրույցներ ենք ունենում: Սա նաեւ այն պատճառով է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է պրատիկորեն բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, կրթությամբ, ռազմատեխնիկական համագործակցությամբ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ երկու երկրները արդյունավետ համագործակցում են ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում: Պետք է նորից ընդգծեմ ձեր բացառիկ դերը 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում: Դրանից  հետո ռուսական խաղաղապահներն են գործում Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը: Պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դառնա ավելի արդյունավետ:

Եվ իհարկե, գլխավոր հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն է: Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ մասին էլ կխոսենք: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ  բանակցություններ»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: