Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս ամենը Ռուսաստանի պատճառով է տեղի ունենում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՀՀ ԶՈՒ հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որի տողատակում Արցախի կարգավիճակի հարցից հրաժարվելն էր։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը մի շարք աննախադեպ հայտարարություններով հանդես եկավ՝ փորձելով հասարակությանը նախապատրաստել Արցախյան հարցում նոր զիջումների։ Նա նշեց, որ այսօր միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Արցախի կարգավիճակի համար ձեր սահմանած նշաձողը։
Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց․ «Ձեր վարչապետը՝ Ձեր, դեռ վաղուց է ասել, որ Ղարաբաղը մերը չէ»։
Ուստի Նորատ Տեր-Գրիգորյանցը Փաշինյանի ակնարկից առանձնապես զարմացած չէ, սակայն «հոգով-մարմնով» հետևում է զարգացումներին ու ցավում հայ ժողովրդի համար։
«Նրանք պատրաստվում են ինչ–որ Խաղաղության համաձայնագիր կնքել, բայց պետք է հասկանալ, որ եթե Հայաստանը պատրաստվում է իրականացնել այդ համաձայնագիրը, Ադրբեջանը կյանքում այն չի իրականացնելու, ինչպես չի իրականացրել այն ամենը, ինչ ստորագրվել է՝ սկսված 1990-ական թթ․, երբ պատերազմն ավարտվեց՝ մշտապես կրակում էր, նրանք թուրքեր են, նրանք չեն իրականացնում իրենց պայմանավորվածությունները, նրանք քիչ-քիչ արդեն պայմաններ են ստեղծում չիրականացնելու համար։ Փետրվարի 2-ին տված Ղարաբաղի և վարչապետի մասին իմ վերաբերմունքի շուրջ իմ ծավալուն հարցազրույցում ամեն ինչ ասել եմ, այլ բան ասել ցանկալի չէ, քանի որ ես չեմ կարող նույնն բանն անընդհատ ասել կամ 10 անգամ տարբեր բաներ ասել, ինչպես նա է անում»,- ասաց գեներալը։
Նա այն կարծիքին է, որ ոչ թե Հայաստանը պետք է հրաժարվի Ղարաբաղից, այլ ընդհակառակը՝ Հայաստանը պետք է հայ ժողովրդի, խորհրդարանի կողմից կապիտալ փաստաթուղթ գրի Ռուսաստանին՝ մեծ խնդրանքով՝ վերանայել բոլշևիկների որոշումը ՌԴ Ֆեդերացիայի խորհրդում՝ Պետդումայում, չեղարկել բոլշևիկների որոշումը, որով հայերից վերցրին Ղարաբաղը ու փոխանցեցին ադրբեջանցիներին։
«Ինչո՞ւ երրորդ երկրին՝ Հայաստանին, դրանով զոհաբերեցին, պետք է հայկական հարցը հանել այդտեղից, Նախիջևանը վերադարձնեն հայերին, Կարսը՝ հայերին, Ջավախքը՝ հայերին, եթե ՌԴ-ն ճանաչեց Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնբասը ճանաչեց, իսկ ՀՀ-ն չի ճանաչում ու ակնկալում է, որ կճանաչե՞ն։ Հայաստանը մնացել է ագրեսիվ զինված ուժերով երկրների շրջապատում, դա ոչ միայն շրջափակում է, դա պատերազմի տեխնոլոգիա է, նրանք, ի վերջո, ճզմելու են, վերացնելու են Հայաստանը, պետք է իրավիճակից դուրս գալ»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Նա հորդորեց տուրք չտալ «Սասնա ծռերին»՝ նրանց անվանելով «սրիկաներ», որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, պահանջում են բազան դուրս բերել Հայաստանից։ «Իսկ այդ բազան ես եմ ստեղծել, մենք սահման չունեինք, մեր միակ դաշնակիցն էր ՌԴ-ն, այդ պատճառով էլ բազան ստեղծվեց, դա թուրքերին զսպելու համար ստեղծվեց, իսկ «Սասնա ծռերը» եկել, ամերիկացիների որոշումներն են իրականացնում։ Ի դեպ, այս ամենը Ռուսաստանի պատճառով է տեղի ունենում։ Ամերիկան ձգտում է բոլոր այն պետություններին, որոնք աջակցում են Ռուսաստանին, «վերացնել» ու վերջ։ Տեսնում ենք՝ Բելառուսը հազիվ է դիմադրում, Ուկրաինայում տեսնում ենք՝ ինչ է կատարվում, Վրաստանը, ըստ էության, վաղուց ՆԱՏՕ-ում է, Ադրբեջանը թուրքական երկրորդ պետություն է, միայն Հայաստանն է, որ պաշտպանում է իրեն ու Ռուսաստանին ռազմական գործողությունների հարավային թատերաբեմում։ Եվ Ղարաբաղյան խնդիրը հենց այդ պատճառով էլ գնում է, որպեսզի Հայաստանին մեջտեղից հանեն՝ որպես ՌԴ դաշնակից ու բարեկամ երկիր։ Մենք այլ դաշնակից չունենք, հասկանո՞ւմ եք, չունենք»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ իշխանությունները վերացրին Սփյուռքի նախարարությունը։ «Ձեր վարչապետը վերաձևավորել է Սփյուռքի նախարարությունը և կորցրել է կապը 8 մլն հայկական ժողովրդի հետ, Դուք ինձ հետ ընդհանրապես չպետք է խոսեք, որովհետև ես Ձեզ համար թշնամի եմ, ինչ-որ ժամանակ ես, հրավերի համաձայն, իմ սովետական հրամանատար ընկերների հետ Կիլիկիայի թագավորությունից հետո առաջին անգամ բանակ ստեղծեցի, և ջարդեցինք թշնամուն, ով ցանկանում էր գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը, միանալով Նախիջևանին՝ հարձակվել Երևանի վրա։ Մենք դա թույլ չտվեցինք, և 30 տարի այդ բանակն ապահովեց անվտանգություն, իսկ հիմա Ձեր մոտ Գլխավոր շտաբից վռնդել են բոլորին, ռազմական գեներալներին պատերազմից առաջ հանեցին, ռազմական մասերը, որոնք ես ստեղծել էի Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում՝ մի ողջ դիվիզիա, նրանք դա վերածել են անմարտունակ կազմակերպության։
Այսինքն՝ ի՞նչ է՝ Դուք պլա՞ն ունեք։ Ի՞նչ եք այդ դեպքում ինձ հարցնում, իմ հոգին ցավում է։ Ես Հայաստանում չեմ ապրում, բայց ես հայ եմ, նվիրված եմ Հայաստանին ամենաբարձր մակարդակով, 5 տարի անձնվեր ծառայել եմ»,- ասաց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Հարցին, թե ո՞րն է պլանը, գեներալը պատասխանեց․ «Նա կհրաժարվի Ղարաբաղից, այդ դեպքում Ղարաբաղը նրանցը կլինի, սահմանները՝ ևս, բոլորը՝ նրանցը»։
Սակայն գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցն այն կարծիքին է, որ Հայաստանը, չունենալով իրական դաշնակիցներ, գտնվելով թշնամի հարևանության մեջ, պետք է դիմի ՌԴ-ին խնդրանքով՝ չեղարկել բոլշևիկների անարդար որոշումը։
Աղբյուրը՝ 168.am