կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 15:08
Քաղաքական

Սեւերի ու սպիտակների բաժանումն արդեն հասել է Սյունիք, դուք ի՞նչ կապ ունեք սյունեցիների հետ. Աննա Գրիգորյանը՝ իշխանություններին

Ի՞նչ է, հեղափոխությանն ամբողջ ժողովո՞ւրդն է մասնակցել, որ ասում էին՝ էնտեղ բոլոր սյունեցիները չէին։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այնտեղ կազմակերպված խմբեր չեն եղել, ես գիտեմ սյունեցիների բողոքներն ու տրամադրությունը․ ըստ Yerkir.am-ի՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին։

«Այսօր մարդիկ խոսում են, ասում են՝ սյունեցին չի կարող լինել այսպիսին, պետք է լինի այնպիսին։ Դուք ի՞նչ կապ ունեք սյունեցիների հետ, որ նրանց որակումներ եք տալիս, այսինքն՝ նրանց համար նախընտրելի եւ ոչ նախընտրելի սյունեցիներ կա՞ն: Սևերի ու սպիտակների բաժանումն արդեն հասել է Սյունիք, այսինքն, ըստ նրանց, կան լավ ու վատ սյունեցիներ, սա պարզապես անընդունելի է»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն այցից հետո  Սյունիքի անվտանգության հարցին որեւէ կերպ չի անդրադարձել․։ «Սյունիքից գալուց հետո անվտանգության վերաբերյալ  Փաշինյանը ի՞նչ գնահատական է հնչեցնում, ի վերջո, ի՞նչ իրավիճակ է այնտեղ։ Պատերազմից հետո առաջին անգամ գնացել էիր Սյունիք, ինչպիսի՞ն է իրավիճակը․ գեթ մեկ գնահատական, մեկ անդրադարձ չի եղել այս առնչությամբ»,- ասաց Գրիգորյանը։

Նա ներկայացրեց իրավիճակը՝ ադրբեջանիցները քարերով խփում են մեքենաներին, տարբեր ժեստեր են անում, չգիտես՝ հաջորդ վայրկյանին ինչ կարող են անել։ «Սա  է իրավիճակը, եւ բոլորը պետք է առերեսվեն այս իրավիճակի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար խնդիր լուծել, կլուծեր այն ժամանակ, երբ զիջում էին Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն ճանապարհները։ Հիմա գնում է, ու ի՞նչ հարցադրումներ պետք է նրան ուղղվեն։ Շուռնուխցին ի՞նչ պետք է ասի՝ «վերադարձրո՛ւ իմ տունը»։ Տրվել է թշնամուն, թշնամին արդեն այնտեղ տեղավորվել է»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, թե Սյունիքում տեղի ունեցածը էժան խուլիգանություն էր, Գրիգորյանը հակադարձեց․ «Ինքը ի՞նչ կապ ունի Սյունիքի եւ սյունեցու հետ, քանի՞ սյունեցու դարդին է դարման արել, քանիսի՞ ցավն է բուժել»։

Նա իմքայլական ատգամավորներին կոչ է անում գնալ եւ ապրել Սյունիքում, եթե այնտեղ ամեն ինչ իդեալական է, եւ որեւէ խնդիր չկա։։ «Իմ ծնողները, իմ հարազատների մեծ մասն ապրում է Սյունիքում, ես գրեթե ամեն շաբաթ ու կիրակի օրերին այնտեղ եմ լինում։ Իմ աչքով տեսածը չեմ կարող փոխարինել ինչ-որ մեկի անհիմն խոսքերով»,- հավելեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։