Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի հայտարարությունը լավ կարգախոս է` 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով նախօրեին պաշտոնական Բաքվի հրապարակած դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ և բանակցային գործընթացին՝ միաժամանակ նշելով, որ դրան պետք է հաջորդեր պարզաբանումը, թե ինչպիսի լուծում է տեսնում, որը կհամապատասխանի այդ կարգախոսին:
Պաշտոնական Բաքուն հինգշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել էր իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ: Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակված փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում, նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասված էր փաստաթղթում: Ադրբեջանական կողմը նշում է, որ կողմ է կոնֆլիկտի լուծման փուլային ճանապարհին, որը հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, մասնավորապես՝ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշման վրա: Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը: Դրան պետք է հետևի ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը: Փաստաթղթում ասվում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ: Այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:
«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի Ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է հռչակագրում:
Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս:
Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ այս դիրքորոշմանը քաղաքական և ռազմական գործիչների գնահատականը կարող է տարբեր լինել: Ըստ նրա՝ այս առաջարկի հիման վրա Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունն արդեն տասնամյակներ շարունակ, սրանք Մադրիդյան սկզբունքներն են:
«Նրանք շատ վաղուց են ասում՝ հեռացրե՛ք զորքերը, թո՛ւյլ տվեք ադրբեջանցի փախստականներին ապրել այդ տարածքներում, իսկ հետո՝ 100 տարի անց, մենք կկողմնորոշվենք՝ տա՞լ անկախություն, թե՞ ոչ: 1995 թվականից հետո միայն սա են առաջ քաշում, ձգում պարանը՝ հնարավորություն չտալով առաջ շարժվել: Ես դեռ Էդվարդ Նալբանդյանին եմ ասել՝ ինչո՞ւ եք բանակցություններ վարում այդ փաստաթղթի շուրջ, դա սխալ է: Նրանք ցանկանում են զորքերը հեռացնել, այնպես անել, որ իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին մինչ պատերազմն էր, երբ նրանք հարձակվեցին Ղարաբաղի վրա, և Ղարաբաղում իրավիճակն այնպիսին էր, ինչպիսին Դոնբասում: Այսինքն՝ ապստամբներ, իսկ հետո ստեղծվեց Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն աշխարհազորայիններից, և ես եկա, ստեղծեցի բանակ, բայց պատերազմն արդեն ընթանում էր, կար ինքնապաշտպանական բանակ, և այդ բանակը պատերազմում էր ագրեսորների հետ: Հետո մենք բանակը ստեղծեցինք, հարձակվեցինք ու ջարդեցինք թշնամուն: Դեռ այն ժամանակ իրենց բանաձևերում նշում էին, որ հարկավոր է հեռացնել օկուպացիոն բանակը, իսկ բանակ դեռ չկար, սակայն բանաձևերում գրում էին, որ պետք է հեռացնել հայկական բանակը»,- հիշեց Տեր-Գրիգորյանցը:
Նա նշեց, որ որպեսզի հարցին քաղաքական լուծում չտա, Ադրբեջանն անընդհատ «ձգում է պարանը», որովհետև իրեն ձեռնտու է ներկայիս իրավիճակը՝ ստատուս-քվոն, քանի որ նա դրանով է ապրում, և դրա վրա է կառուցված իր իշխանությունը: «Երբ մենք մեր զորքերը հեռացնենք, Ղարաբաղում կհայտնվի այնքան ադրբեջանցի, որքան այնտեղ երբեք չի եղել, այդ դեպքում առանց պատերազմի ղարաբաղյան ժողովուրդը կթքի այդ հանրապետության և հողի վրա ու կհեռանա: Նման բան չի կարելի թույլ տալ: Այն ժամանակ խառը գյուղեր են եղել, որտեղ ապրել են նաև ադրբեջանցիներ, հետագայում հենց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնկված պատերազմի արդյունքում հեռացել են այդ գյուղերից, դրանք անկլավներ են: Մենք ասում ենք, որ, եթե Դուք գրավել եք Շահումյանի շրջանը, ինչպես նաև Մարտունու և Մարտակերտի հարթավայրերը, ապա դրանք Ձեզ վերցրեք, մենք դրանք չենք ազատագրելու և չենք հարձակվելու այդ ուղղությամբ: Իսկ այդ անկլավները, որոնք մնացել են՝ թող մնան: Այսինքն՝ տարածքների փոխանակում, դրանով ավարտենք: Ոչ, այդ մասին ոչ ոք չի խոսում: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ Ղարաբաղ՝ առանց ժողովրդի, նրանք միշտ են այդ մտադրությունն ունեցել՝ գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը և այնտեղից հարձակվել Երևանի վրա: Ի դեպ, փախստականները փախել են Ադրբեջան այն պատճառով, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել, Ադրբեջանն է սկսել կրակել, մեր ապստամբները սկսել էին պաշտպանել իրենց տները, բայց ադրբեջանցիները փախան իրենց կամքով»,- ասաց նա:
Գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցի խոսքով, հայկական կողմը՝ լինելով կողմ, չպետք է վերջնագիրն ընդունի: «Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանից այնպես, ինչպես Ադրբեջանը որոշեց, և դուրս եկավ Սովետական Միությունից, Ղարաբաղը դուրս եկավ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Սա ամենակարևորն է: Եթե պատերազմով եք սպառնում, ապա սկսեք պատերազմ: Այսօր հայկական բանակը նրանց համեմատ վատ չէ զինված, նրանք շատ զենքեր ունեն, շատ փող, այո՛, բայց մենք ևս ունենք սպառազինություն: Նրանք 2016 թվականին ստուգեցին, թե ինչպես հայկական բանակը կարող է պաշտպանվել, և նրանք հասկացան, որ կարող է լավ պաշտպանվել: Ի դեպ, գործողությունները ոչ թե լեռներում էին, այլ առաջնագծում»,- ասաց Տեր-Գրիգորյանցը:
Նա նշեց, որ, եթե ինքը լիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, ապա կասեր. «Եզրակացության եմ եկել, որ Ալիևն ագրեսոր է, հարձակվում է հայ ժողովրդի վրա, ջարդել է տներ, ջախջախել է, իսկ ինչո՞ւ եմ ես բանակցում հանցագործի հետ: Ես շատ եմ ասել, որ պետք է Պուտինի հետ բանակցություններ վարել: Պուտինը և ՌԴ-ն ԽՍՀՄ-ի իրավահաջորդն են, Ղարաբաղը Սովետական Հայաստանից վերցրել է Ռուսաստանը»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգախոսին, թե ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ, եթե նա նման բան է ասում, նշանակում է՝ ինչ-որ բան է մտածել, որի մասին մենք դեռ չգիտենք: Նրա գնահատմամբ՝ դա շատ լավ կարգախոս է: «Եթե առաջարկվում է նման կարգախոս, ապա պետք է նաև ասվի, թե ինչպիսի լուծում է տեսնում, որը կհամապատասխանի այդ կարգախոսին»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը: