կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 18:32
Քաղաքական

Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը. Ավետիք Չալաբյան

Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը. Ավետիք Չալաբյան

Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ առավել համակարգված կերպով շարադրեց իր մոտեցումները Արցախյան կարգավորման վերաբերյալ։ Այս մասին գրել է քաղաքական-հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրա հիմքում հետևյալ թեզերն են՝

ա) Հայաստանը այդքան ուժ չունի Արցախը Ադրբեջանից անջատելու համար, առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է

բ) Արցախի հարցում Հայաստանի համառությունը չի ընկալվում միջազգային հանրության կողմից, և կարող է արդեն Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրների բերել

գ) Պետք է հրաժարվել Արցախի Ադրբեջանից անջատելու գաղափարից, և փոխարենը կենտրոնանալ Ադրբեջանի կազմում նրան այնպիսի կարգավիճակը ստանալու համար, որը երկարաժամկետ հեռանկարում կերաշխավորի հայ բնակչության իրավունքները և բնականոն զարգացումը

դ) Հայաստանի շահերից է բխում համապարփակ խաղաղության պայմանագրի արագ կնքումը, քանի որ ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին, և այն մեր համար նորանոր խնդիրներ է ստեղծում

Կարելի էր միանգամից կոշտ պարսավանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին այս փաստացի պարվողական մոտեցումը բարձրաձայնելու համար, սակայն հաշվի առնելով, որ նրա թեզերը ազդում են հանրային գիտակցության վրա, փոխարենը կենտրոնանամ առանցքային հակաթեզերի վրա, բնականաբար, նրանք ավելի ընդգրկուն են՝

ա) Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից։ Դա ակնհայտ դարձավ 2016 թ․ պատերազմի ժամանակ, դա ակնհայտ էր նաև 2020 թ․, երբ պատերազմը ավարտվել ոչ թե հայկական բանակի պարտությամբ մարտի դաշտում, այլ իշխանությունների կողմից անհեթեթ կապիտուլյացիոն զինադադարի ստորագրմամբ, որով առանց կռիվ հանձնվեց հայկական ուժերի կողմից վերահսկվող (և ատամներով պահած) արցախյան տարածքների մեծ մասը։ Հայկական բանակի կարողության մեծ մասը պատերազմից հետո էլ պահպանվել է, իսկ տեղի ունեցած բոլոր սահմանային բախումների ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ կորուստներ է կրել, ուստի նրա ամենազորության մասին խոսակցությունները իրականում ալիևյան պրոպագանդա են։

աա) Թուրքիան, իհարկե, լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, բայց Թուրքիայի անմիջական ագրեսիան կբերի հակազդեցության տարածաշրջանային այլ խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի կողմից, նրանք դրա մասին ոչ միայն բազմիցս հայտարարել են, այլև գործով են դա ապացուցել, ներառյալ վերջերս, և Իրանը իր զինված ուժերը մոտեցրեց ադրբեջանական սահմանին և սկսեց ուղղակի սպառնալ նրան՝ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում։ Չի կարելի բացառել, որ որոշակի իրավիճակում Թուրքիան գնա այդպիսի արկածախնդրության, սակայն այսօր այդպիսի իրավիճակ չկա, ու հայ ժողովրդին նոր կոտորածով Փաշինյանին պետք չի վախեցնել։

բ) Արցախի հարցում միջազգային հանրությունը ընկալում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, և դրա ակնհայտ արտահայտությունը Մադրիդյան սկզբունքներն էին։ Միջազգային հանրությունը (ավելի ճիշտ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը) կվերադառնա այդ սկզբունքներին, եթե հայկական կողմը համառություն և հետևողականություն դրսևորի, և ի վերջո ակնհայտ դարձնի, որ այն պատրաստ է երկարատև պայքարի, սակայն Արցախը չի թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո։

գ) Եթե Հայաստանը հրաժարվի Արցախը Ադրբեջանից անջատելուց, և թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո, նույնիսկ որոշակի ինքնավարության կարգավիճակով, կասկած չկա, որ Ադրբեջանի համար ընդամենը ժամանակի հարց է լինելու այնտեղից հայկական բնակչության արտաքսումը, ինչպես այն արել է Նախիջևանի, Գյանջայի, և Ադրբեջանի այլ մասերի հետ։ Հոշոտելով և հայաթափելով Արցախը, Ադրբեջանը կանցնի Սյունիքին, Գեղարքունիքին, և Հայաստանի մյուս մասերին, քանի որ թուլացած Հայաստանը, իր խեղճացած բանակով և բարոյալքված ժողովրդով, այլևս չի կարողանա դիմադրել Ադրբեջանի աճող ախորժակներին։ Որևէ "խաղաղության պայմանագիր" էլ այստեղ չի օգնի, քանի որ Ալիևը բազմիցս արդեն ցույց է տվել (տառացիորեն վերջերս Փարուխում), որ իր համար որևէ պայմանագիր կոպեկի արժեք չունի, և նա միշտ կարող է պատճառ գտնել այն խախտելու համար, եթե դիմացը թույլ և անողնաշար հակառակորդ է։

դ) Հայաստանի շահերից ընդանրապես չի բխում "խաղաղության պայմանագիր" արագ կնքելը, ընդհակառակը, այն բխում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որոնք 2020 թ․ պատերազմից նույնիսկ իրենց համար անսպասելի մեծ նվաճումներով են դուրս եկել, և հիմա փորձում են օր առաջ դրանք ամրագրել։ Նրանք հրաշալի հասկանում են, որ այդ նվաճումների զգալի մասը հենց Փաշինյանի "գործունեության" անմիջական արդյունք են, և նրան հաջորդող ցանկացած ազգային իշխանություն փորձելու է դրանք վերախաղարկել, ուստի փորձում են շտապ ամրագրել, քանի Փաշինյանը չի կորցրել իշխանությունը։ Դրանց ամրագրումը, սակայն, ազգային աղետ կլինի մեր համար, մի նոր Կարսի պայմանագիր, որի դժնի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը, և դրանով ամրագրել իր իշխանությունը։ Սակայն նա պետք է հաշվի առնի, որ այս անգամ իր թեզերը հակազդեցության են բերելու հասարակության բազմաթիվ շերտերից։

Եթե Փաշինյանը և իր կողմնակիցները համոզված են իրենց թեզերի ճշմարտացիության մեջ, նրանք պետք է գնան հանրաքվեի, և առաջարկվող «խաղաղության» (իրականում նոր կապիտուլյացիայի) պայմանագրի համար համաժողովրդական աջակցություն ստանան։ Այլապես, նրանց ակնկալիքը, որ այս անգամ էլ կկարողանան ժողովրդի թիկունքում նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքել և ջուրը նետել նրա 30-ամյա պայքարի արդյունքները, բերելու է հանրային լայն դիմադրության, Փաշինյանի լեգիտիմության վերջին փշրանքների վերացման, և նրա ձախորդ իշխանության անփառունակ վախճանին»։