կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-12 19:18
Հասարակություն

Հայաստանի պատգամավորներին ավելի քան 1.5 ժամ է՝ չեն թույլատրում մտնել Ստեփանակերտ

Հայաստանի պատգամավորներին ավելի քան 1.5 ժամ է՝ չեն թույլատրում մտնել Ստեփանակերտ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», այսօր ԱԺ-ում հայտարարեցին, որ բոյկոտում են ԱԺ նիստերը և մեկնում Արցախ:

168.am-ի տեղեկություններով՝ մոտ 1.5  ժամ է, ինչ պատգամավորները Աղավնոյի անցակետում են, և նրանց չի թույլատրվում մտնել Ստեփանակերտ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների՝ Արցախ մեկնելու մասին հայտարարություններից հետո ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կոչով հանդես եկավ.

«Տորպեդահարման ակտիվ փորձ է խաղաղության օրակարգը ամրապնդելուն ուղղված  ՀՀ իշխանությունների ջանքերին։ Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքները և աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է ՀՀ-ի և Արցախի ղեկավարության միջև իրականացվող գործընթացներում։ Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկրի լինելիության հարցն է դրվելու վտանգի տակ, պահանջում եմ մեր քաղաքական թիմից  կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից պարզել՝ ուր են տանում այս գործողությունները»,- հայտարարել էր Արսենյանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը Գուրգեն Արսենյանի և մյուս ՔՊ-ականների պես բուռն էր արձագանքել Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժերի պատգամավորների այս մտադրությանը և զգուշացրել, որ «անկոչ հյուրերի իրենց տարածքում» չեն սպասում:

Մեր տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ որևէ կերպ կապվել չի հաջողվում, հավանաբար հեռախոսն անջատել է, անհասանելի է: Իսկ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ փորձում են խնդիրը հասկանալ:

Հ․Գ․ Քիչ հետո Հայաստանի պատգամավորներին կմոտենան Արցախի խորհրդարանի որոշ պատգամավորներ՝ հասկանալու համար՝ ինչպես կարգավորեն խնդիրը:

Աղբյուրը` 168.am