կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 23:38
Հասարակություն

Տիգրան Հակոբյանը էրոտիկայից լավ չի հասկանում. Oragir.news

Տիգրան Հակոբյանը էրոտիկայից լավ չի հասկանում. Oragir.news

Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի պատկերացումներն էրոտիկայի մասին շատ հետաքրքիր ու կասկածելի են։ Բանն այն է, որ Oragir.news-ի հարցումը հրապարակելու համար ՀՌՀ-ն տուգանել է «5-րդ ալիքին»՝ պատճառաբանելով, որ էրոտիկ բնույթի նյութեր են հեռարձակվել ժամը 24։00-ից շուտ։

Oragir.news-ը, հիշեցնենք, ոստիկանությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ դրանում զետեղելով բառերի և արտահայտությունների մի ցուցակ և հարցնելով, թե դրանցից որո՞նք կարելի է օգտագործել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների մասին արտահայտվելիս, որպեսզի ոստիկանությունը դա չհամարի ծանր վիրավորանք և քրգործի համար նյութեր չնախապատրաստի, ապա մեր հարցումն ու ոստիկանության պատասխանը հրապարակել էինք։ «5-րդ ալիքը» մեր հարցման հիման վրա ռեպորտաժ էր պատրաստել, ռեպորտաժում ընդամենը 2-3 վայրկյան երևում է հարցումի տեքստը, որի վրա այդ ընթացքում ոչինչ կարդալ հնարավոր չէ, սակայն ՀՌՀ-ն դա համարել է էրոտիկ նյութի հաղորդում և հեռուստաընկերությանը տուգանել է։

Մեզ հետ զրույցում «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ ՀՌՀ-ն որոշման մեջ յուրովի է մեկնաբանել մեր հարցման մեջ տեղ գտած բառերը և դրանք համարել երեխաների հոգեբանության վրա ազդեցություն ունեցող, էրոտիկ. «Հանձնաժողովը մեզ տուգանել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում հեռարձակելու համար: Հատկանշական է, որ հանձնաժողովը oragir.news-ի՝ ոստիկանության հարցումը և ոստիկանության պաշտոնական պատասխանը դիտել է որպես էրոտիկ բնույթի հաղորդում: Տեսանյութում լրագրողը խուսափել է հնչեցնել բոլոր այն մակդիրները, որ նշված է եղել այդ նամակում, ուղղակի կես վայրկյանի չափով այն երևացել է հեռուստացույցի էկրանից՝ համակարգչի մոնիտորի անցումով, որը, ի դեպ, համարյա անտեսանելի է, բայց քանի որ անհրաժեշտ էր ինչ-որ ձև գտնել տուգանելու համար, գտել են այդ ձևը:

Հանձնաժողովի որոշման մեջ հետաքրքիր ձևակերպումներ կան. օրինակ, մեջբերեմ՝ «Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով» կամ ««Ստամբուլի բիճ»՝ «Ստամբուլի ապօրինի զավակ», և այլն: Ինձ ոչ թե այդ՝ Աղայանի բառարանով ձևակերպումների պարզաբանումն է անհանգստացնում, այլ որ մեզ տուգանում են «անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում» հոդվածով և առաջարկում են նման հաղորդումները հեռարձակել 24:00-06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ հանձնաժողովը լրատվական-վերլուծական հաղորդման ժամանակ պատրաստած, թեկուզ պամֆլետային ոճով, բայց խնդիրը իրազեկող ռեպորտաժը դասում է էրոտիկ ժանրի ֆիլմի կամ հաղորդման շարքին»,- ասաց Հարությունյանը։

Հարցրինք՝ ի՞նչ է պատասխանել Տիգրան Հակոբյանը, երբ լսել է իր պարզաբանումներն ու պատասխանները, Հարությունյանն ասաց. «Ոչ միայն Տիգրան Հակոբյանը, այլև հանձնաժողովի գերակշռող մեծամասնությունը իրենց ասելիքը դրսևորեցին քվեարկությամբ, իսկ հանձնաժողովի նիստը շատ էմոցիոնալ դրսևորումներով հարուստ էր թե իրենց և թե իմ կողմից: Մենք իրար չէինք հասկանում, և բնական է, որ այդպես պետք է լիներ: Ես խոսում էի լրագրության մասին, իրենք՝ էրոտիկ ժանրի հաղորդման: Իրենք իրենց խնդիրն էին լուծում, իսկ ես հայտնվել էի Դոն Քիշոթի դերում՝ անիմաստ պայքարում էի հողմաղացների դեմ»։ Փաստորեն Տիգրան Հակոբյանը էրոտիկայից լավ չի հասկանում, եթե 20-րդ դարի ֆրանսիացի ֆանտաստ գրողի անուն-ազգանունը նրա մոտ ասոցացվում է էրոտիկայի հետ։ Կամ, օրինակ, տարօրինակ է, որ Տիգրան Հակոբյանը թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը ստուգաբանել է որպես «Ստամբուլի ապօրինի զավակ» և դրա համար տուգանել է հեռուստաընկերությանը, հավանաբար ՀՌՀ նախագահը ստեղծագործությանը պարզապես ծանոթ չէ։

Հետաքրքիր է նաև, թե այսքան նրբազգաց ՀՌՀ նախագահը ինչ ապրումներ է ունենում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ «բռնելու եմ, շինեմ», «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», կամ, օրինակ, երբ վարչապետի հատուկ հանձնարարությունների գծով ներկայիս դեսպանն ԱԺ նախագահին ասում է՝ «անբարոյականի վաստակ», իսկ ԱԺ նախագահն էլ վերջինիս՝ «քաղաքական տրյապկա»։ Եվս մի քանի մեջբերում հեռուստաեթերից, որոնք Տիգրան Հակոբյանը հավանաբար չի լսել կամ լսել է՝ չլսելու է տվել։ Մեջբերումները ամենահայտնի հումորային ծրագրերից մեկից՝ «women’s club»-ից են: «Ուրեմն էն կողքի սենյակում մարմնավաճառ ա պառկած, մտի մոտը, աչքերդ կբացվի»։ «Ամենաանհասկանալին իմ համար՝ էդ ո՞նց պուտանկեն դարձավ անհատական մերսող»։

Լիլի Մորտոն ասում է. «Տրենեռ, ես բողոք ունեմ, ես էլ չեմ ուզում, որ մենք մաշկագույն գնդակով խաղանք, որովհետև էդ մրցակիցը խառնում, գլխով խփում, տալիս-կապտացնում ա». այդ պահին ձեռքով ցույց է տալիս կրծքերը։ «Եթե աղջիկդ ըտենց շարունակեր ռոք երգել, ոտը ռոքից պոկելու էի»։ «Էս պուտ-պուտ շորերովն էլ Անկան ա, ինքը մեր գեղի միակ պուտպուտանկան ա»։ «Էսի ոնց որ արդեն իմ անձի հանդեպ գիպսագառդոնություն եք անում»։ «Մալիֆիսենտա՞, իսկ Մալիֆիսենտան տալիֆիսե՞նտ ա»։

Փաստորեն Տիգրան Հակոբյանը սրանց մեջ էրոտիկա չի տեսնում, այս հայտարարությունները չի ֆիքսել, իսկ լրատվական թողարկման մեջ կես վայրկյանում էկրանին երևացող Իվ Գանդոնին անմիջապես նկատել է։ 

Աղբյուրը՝ Oragir.news