կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 13:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցում կանգնելու ենք տասնյակ հազարներով և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ Արցախում՝ ասելու համար՝ ո՛չ, ալ կբավե․ Ժիրայր Բյոջեկյան

«Սփյուռքում ծնված, մեծացած, պատահել է, որ Հայաստանի խորհրդայնացման դեմ միջոցառման եմ մասնակցել ու այդ ժամանակ Լիբանանում Սովետական Միության դեսպանատան մշակութային կապի կոմիտեի կողմից կցորդը, երբ ես դիմեցի որպես ուսանող Հայաստան գալու համար, ասաց՝ դու Հայաստանի արևը չես տեսնելու կյանքումդ։ Ժամանակներն անցան՝ ես արդեն այստեղ եմ, Հայաստանի արևն էլ եմ վայելում, ջուրն էլ եմ վայելում, հողն էլ եմ վայելում։ Ես Հայաստան հասա ոչ թե անկախությունից հետո, այլ Հայաստան հասա, երբ այն դեռևս Սովետական էր»,-այս պատմությունը Yerkir.am-ին պատմեց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Ժիրայր Բյոջեկյանը՝ փաստելով, թե ինչքան կարևոր է անձի գործոնը։

Այնպես որ, եթե մարդ որոշի, ձևը կգտնի՝ ասաց նա։

Այսօր՝ ժամը 18։30, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ընդդիմությունը․ ՀՅԴ անդամը համոզված է, որ հենց այսօր է այն օրը, երբ ամեն մարդ պետք է հավատա, որ ինքը պետք է որոշի մեր ազգի ճակատագիրը, պետք է գնա հանրահավաքի ու պահանջի այն, ինչին հավատում է։

«Անպայման պետք է գնալ և հավաքվել այնտեղ, հակառակ նրան, որ մեկը պիտի ասե՝ հաջորդ քայլը ինչ է․ բոլոր հարցումները կան, բայց մինչև այդ հարցումներին պատասխանելը՝ ամեն մարդ պիտի լինի այնտեղ, ամեն մարդ իր ձայնը պիտի բարձրացնի, ո՛չ այս կուսակցության, այն կուսակացության, այս մարդու կամ այն մարդու համար, այլ մեկ նպատակի համար՝ Հայաստանը պահել ամբողջական, Հայաստանից ոչ մի բան այլևս չզիջել»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Բավարար է որքան զիջել են, նշեց նա, ընդհակառակը՝ պետք է աշխատանք սկսել կորցրածն էլ վերականգնելու։

«Որքան ժամանակ կքաշե այդ ամենը, ինչ միջոցներով, ինչ մեթոդներով՝ այսօր հավանաբար կարելի է դնել սկիզբը այդ բոլորի, շարունակել եկող օրերուն։ Մեր դեմը գալիս է ապրիլի 24, ջահերով երթ․ այդ բոլորով մեր ձայնը առավելագույն չափով պիտի բարձրացնենք և՛ Հայաստանի այսօրվա իշխանություններին ցույց տալու համար, որ իրենք իրավունք չունեն հայ ժողովրդի ունեցվածքը, հայրենիքը, իրավունքները զիջելու, այլ նաև ամբողջ աշխարհին ասելու համար, որ դուք խոսում եք մի հատ անձի հետ՝ «Նիկոլ Փաշինյան» անունով, ու այդ մարդը չի ներկայացնում մեզ, մենք այստեղ փողոցում կանգնել ենք տասնյակ հազարներով, ավելիով՝ եթե կարելի է, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ Արցախում՝ ասելու համար՝ ո՛չ, ալ կբավե»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։   

Կա մտավախություն, որ վաղը Բրյուսելում Փաշինյանը Ալիևի հետ կպայմանավորվի «խաղաղության» փաստաթղթի դրույթների շուրջ։ Սա մեկնաբանվում է նաև որպես հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման նախաձեռնողականութունը Ռուսաստանից Արևմուտքին փոխանցելու գործընթաց։

Ժիրայր Բյոջեկյանն ասում է՝ այս ամենը մեզ չպետք է մտահոգի, մենք պիտի մեր հարցեը լուծենք՝ դյուրին, թե դժվար։

«Փաշինյանը եթե այսօր գնաց և Արևմտյան միջնորդությամբ փորձեց որևէ խնդիր լուծել Հարավային Կովկասի մեջ, որ համարվում է Ռուսաստանի տան պարտեզը, մենք դրա հետևանքները կտեսնենք մի տեղ։ Բայց այդ բոլոր խնդիրները մեզ համար էական չեն, այդ բոլոր խնդիրներն էլ որպես ժողովուրդ և հավաքականություն մեր բոլոր թևերով՝ Արցախով, Հայաստանով, Սփյուռքով մենք այդ բոլոր հարցերը կկարողանանք լուծել՝ դյուրին կամ դժվար։ Դժվարություններ միշտ լինելու են՝ խնդիրն այդ դժվարություններից չվախենալն է, չընկրկելն է, ու փորձել ճիգ անել՝ այդ խնդիրները լուծելու ու գնալու առաջ»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Դաշնակցությունը սովորեցրել է, որ գաղափարը գերակա է անձի հանդեպ․ այդպիսի նվիրման պարագայում միայն, նրա համոզմամբ, հնարավոր կլինի հասնել արդյունքի։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․