կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 15:27
Մշակույթ

Լոռու մարզի Այրումի Նահատակ վանական համալիրի սրբավայրը

Լոռու մարզի Այրումի Նահատակ վանական համալիրի սրբավայրը

Այրում գյուղի հյուսիս-արևմուտքում Նահատակ վանական համալիրն է` կառուցված 1621 թվականին:

Ավանդության համաձայն` ի սկզբանե այնտեղ ամփոփված են եղել Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Սուրբ Շուշանիկ-Վարդենու մասունքները, որոնք Ճոճկան գյուղի Ջոջը նվիրել է թիֆլիսահայ համայնքին: Վերջիններս այդ մասունքների վրա Թիֆլիսում հիմնել են Սուրբ Շուշանիկ-Վարդենի եկեղեցին, որն այսօր արդեն պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն: Մասունքների տեղափոխման ժամանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ այսօր չկան: Նահատակի վանքի տարածքում երբևէ պեղումներ չեն իրականացվել, սակայն վանքի բակում կա պահպանված դժվարընթեռնելի արձանագրությամբ տապանաքար՝ «Տեր Սարգիս քահանա» գրությամբ, որն, ըստ ամենայնի, գերեզմանն է: Այսօր վանքը կիսաքանդ վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի: Եկեղեցու պատի մեջ աճող ծառը մեծացել և սպառնում է քանդել եկեղեցին։

Տեղացիները բազում վկայություններ են բերում սրբավայրի բուժիչ և հրաշագործ զորությունների մասին: Այն բուժել է հիմնականում մաշկային հիվանդություններ, և հիմնական ծիսակարգերը կապվում հենց Տեր Սարգիս քահանայի գերեզմանաքարի հետ: Ընդունված է համարել, որ հոգևորականի գերեզմանաքարի հետ շփումը մարդկանց օգնում է բժշկել իրենց հիվանդությունները:

Հատկապես շեշտվում է` նորածին ժամանակ առողջական խնդիրներ ունեցող բազում մանուկներ բուժվել են միայն այն բանից հետո, երբ ծնողները նրանց բերել են Այրումի Նահատակ վանական համալիր, և իհարկե, դրանից հետո նրանք այս մատուռ այցելությունը դարձրել են պարտադիր երևույթ:

Սրբավայր ավելի հաճախ ուխտի են գալիս տաղավար տոներից երկուսի` Վարդավառի և Խաչվերացի օրերին: Այստեղ այրումցիները կատարում են մատաղի ծիսակարգ: Մատաղի համար  հիմնականում զոհաբերում են գառ կամ աքաղաղ:

Կա մի գեղեցիկ ավանդույթ ևս,  համաձայն դրա` Վարդավառի նախորդ օրվա գիշերը երկնքից լույս է իջնում մատուռի վրա, և երիտասարդ աղջիկներն ու տղաները համբերատար սպասում են այդ պահին, որպեսզի պահեն իրենց երազանքը, որ այն իրականանա: Մատուռի` մոմավառության համար նախատեսված անկյունում մոմերի մշտական առկայությունը փաստում է, որ այս սրբավայրը ուխտավորների պակաս երբեք չի զգում:

No description available.

No description available.

 

Մհեր Համբարձումյան