կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-27 18:06
Հասարակություն

Լայնածավալ հարձակման դեպքում խաղաղապահները դիմադրություն ցույց տալու ոչ մանդատ ունեն, ոչ էլ կարող են ունենալ․ Վրթանեսյան

Լայնածավալ հարձակման դեպքում խաղաղապահները դիմադրություն ցույց տալու ոչ մանդատ ունեն, ոչ էլ կարող են ունենալ․ Վրթանեսյան

Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման դեպքում խաղաղապահները դիմադրություն չեն կարող ցույց տալ, քանի որ, նախ և առաջ, դրա մանդատը չունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը՝ շեշտելով, որ նման մանդատ չի էլ տրվելու խաղաղապահ ուժերին, քանի որ Ադրբեջանը ոչ մի պարագայում դրան չի համաձայնվի։ «Եթե անգամ ենթադրենք, որ լայնածավալ հարձակում է լինում, ու ռուսները որոշում են կռվել մեր կողմից, արդյո՞ք Արցախում գտնվող խաղաղապահների կենդանի ուժը բավարար է, արդյո՞ք մատակարարում կարող են ապահովել՝ հաշվի առնելով այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանի շուրջ։ Այս բոլոր վտանգները՝ այն, որ հստակություն չկա, մանդատ չկա, որ ուժերը բավարար չեն լուրջ սպառնալիքի դեպքում ինչ-որ բան անելու համար, նոյեմբերի 9-ի համաձայնագրի հրապարակումից անմիջապես հետո տեսել եմ»,-ասաց Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ այդ բոլոր վտանգները տեսանելի էին նաև ՀՀ իշխանությունների համար, բայց նրանց խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ՝ Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունն ապահովելը։

Նա չի բացառում, որ այս իրավիճակում Ռուսաստանը կգնա Ադրբեջանի հետ առճակատման՝ այն պարզ պատճառով, որ իր համար ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու։

«Մեր անվտանգային խնդիրը կարող ենք լուծել միայն ՀՀ զինված ուժերը արագ վերականգնելով և հնարավորինս հզորացնելով։ Դա չի արվել, հիմա էլ չի արվում, հակառակը՝ ամբողջ հրամանատարական բուրգը քայքայվել է, բանակի հեղինակությունը՝ գետնին հավասարեցվել․ դիմադրողականությունը վերականգնելու ուղղությամբ ընդհանրապես ոչինչ չի արվել։ 1,5 տարի կորսված է»,-ասաց Վրթանեսյանը` ընդգծելով, որ մեր անվտանգային դիրքերը հիմա շատ ավելի թույլ ու խոցելի են, քան 2020թ․ նոյեմբերի 9-ին։

Ոչ մի նախազգուշական հայտարարություն կամ դատապարտող կոչ Ադրբեջանին հետ չեն պահելու իր պլաններից՝ մասնավորապես հայերին ու Հայաստան պետությունը ոչնչացնելուց, - վստահ է վերլուծաբանը` ուշադրություն հրավիրելով, որ Ադրբեջանն անմիջապես բաց տեքստով արձագանքեց նաև Փառուխի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումը դատապարտող Ռուսաստանի ՊՆ հայտարարությանը` այդպիոսվ վերահաստատելով, որ ոչինչ չի կարող կանգնեցնել իրեն՝ իրագործելու իր ծրագրերը։

«Հերթով գրավելով, ավերելով առաջ են գնում։ Է՞լ ինչ պետք է անեն, որ հասկանանք, որ պլանավորած ուզում են Արցախն ու Հայաստանը ոչնչացնել։ Իրենց պլաններում երբևէ որևէ բան չի փոխվելու»,-ասաց փորձագետը։

Ադրբեջանի պլանները ձախողելու հարցում խաղաղապահների հետ մեծ հույսեր, ինչպես նշեց մեր զրուցակիցը, պետք չէ կապել, սակայն առկա ռիսկերին իշխանությունները կարևորություն չեն տվել։

«Իշխանություներն ընդհանրապես չեն արձագանքում նման բաներին, ընդդիմադիրներից էլ եղան մարդիկ, որ ասացին՝ ինչո՞ւ ես անիմաստ խուճապ տարածում»,-հիշում է Վրթանեսյանը։ Ըստ էության, ժամանակին նույն կերպ ուռճացվել է խաղաղապահի դերը և անտեսվել համաշխարհային փորձը։ Իսկ այդ փորձը, ինչպես նկատում է Կարեն Վրթանեսյանը, ցույց է տվել, որ խաղաղապահն անկայուն վիճակ է ենթադրում, ու նա այսօր կա, վաղը կարող է չլինել։ Ահա թե ինչու, ևս մեկ անգամ շեշտում է՝ բանակն արագ տեմպերով պետք է վերականգնել և հզորացնել։

Աղբյուր` Փաստինֆո