Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին ասված է Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի առթիվ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաև զոհվածների մարմինների անարգմամբ: Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով:
Ապրիլյան պատերազմին հաջորդած տարիներին, ոգևորված իրագործված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների անպատժելիությամբ, ադրբեջանական իշխանություներն ավելի սաստկացրեցին ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը:
2016թ. ապրիլին և 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:
Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար: Հայաստանը և հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կենսագործունեության համար»,- ասվում է հայտարարության մեջ: