Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը կանխատեսել է, որ Հայաստանում 2022 թվականին գնաճը կկազմի 8.5%, այն դեպքում, որ ՀՀ Կենտրոնական բանկը նախանշել էր 4% +/- 1.5%։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ Կենտրոնական բանկի 4% ցուցանիշը իրականությանը չի համապատասխանում, և նույնիսկ Fitch Ratings-ի 8,5%-ը, հնարավոր է, որ զուսպ թիվ են ասում։
«Իրականում քաղաքացին, որ առնչվում է ամենօրյա սննդամթերքի գներին, էլ չասած արդյունաբերական արտադրանքի մասին, արդեն հասկանում են, որ ի՞նչ 8, ի՞նչ 7, գնաճն իրականում ավելի բարձր տոկոսի է․ սա ուղղակի պայմանավորված է Հայաստանի տնտեսական քաղաքականության բացակայությամբ»,-ասաց տնտեսագետը։
Նա նշեց, որ պետական կառավարման այն համակարգի պայմաններում, որում այսօր գտնում ենք, բնականաբար, պետական կառույցները, մասնավորապես Կենտրոնական բանկը, որը քաղաքակրթվածության առումով ավելի դոմինանտ է, քան մնացած կառույցները, պարտադրված են ասելու այնպիսի ցուցանիշներ, որոնք այս կառավարման համակարգի պայմաններում ընդունելի լինի։
«Եվ այդ պարագայում կարող են, ելնելով բազմաթիվ ցուցանիշներից, ֆիքսել 4% +/- 1.5%, բայց սա իրականությանը, ցավոք, չի համապատասխանում, չի կարող համապատասխանել․ իրականությունը լրիվ այլ է, և այդ իրականությունը քաղաքացիները շոշափում են, դրան առնչվում են ամեն օր»,-ասաց Վարդան Բոստանջյանը։
Նա համոզված է, որ արդյունավետ կառավարման պայմաններում կարելի էր հաղթահարել տնտեսական դժվարությունները, որը մենք չենք անում։ Կառավարության ներկայացրած ծրագիրը, նրա գնահատմամբ, միտված չէ հաղթահարելու այդ դժվարությունները, այն կարծես հավաքույթի ժամանակ արտաբերած կենաց լինի։
«Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները լրացուցիչ դժվարություններ ու ռիսկեր են առաջացնում, բայց մինչև պատժամիջոցներն էլ մենք չունեինք տբտեսության արդիական կառուցվածք»,-ասաց Վարդան Բոստանջյանը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի համար ռիսկեր են առաջացնում նաև այն առումով, որ պետական պարտքի մեջ արտարժույթի տեսակարար կշիռը բավականիին մեծ է։ Տնտեսագետը այդ ռիսկերը տեսնում է, բայց համարում է, որ այս պահի դրությամբ մենք վճարունակությունը չենք կորցնում պայմանավորված այն հանգամանքով, որ մենք արտաքին պարտքը չենք կառավարում, այլ սպասարկում ենք։
«Տարբերությունը բավականաչափ մեծ է․ «սպասարկել» նշանակում է տվյալ ֆինանսական տարվա կտրվածքով ինչ պարտք կձևավորվի՝ այդ ամբողջ պարտքային մայր գումարների գումարը, դրան ավելացրած տոկոսները, այդ ամբողջը մեր հնարավոր պետական եկամուտներից հանվում ու սպասարկվում է պարտքը։ Դրա համար արտաքին վարկատուները, ըստ էության, հուզված չեն։ Այսինքն, դու կատարում ես քո պարտավորությունները․ 2022 թ-ին ՀՀ-ն գրեթե 1 միլիարդ դոլարի չափ պարտքային պարտավորություն ունի, եթե դա «բարեխղճորեն» կատարում է, մյուս առաջնահերթ ու կարևոր ուղղությունների վրա 1 միլիարդ դոլար պետք է չծախսի»,-բացատրեց տնտեսագետը։
Եթե այս պրոցեսը շարունակվի, ակնհայտորեն, ծանր իրավիճակում է հայտնվելու Հայաստանը։
«Իսկ Հայաստանում ավելի առաջնահերթ տեղը գրավում է 11 հոգով Բալի գնալը․ աղքատ երկրի պայմաններում մեր պետական կառավարման համակարգի ծախսերը հասնում են ընդհանուր ծախսերի գրեթե 25 տոկոսին։ Սա սարսափելի է։ Այնինչ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի պետական կառավարման ծախսերը կազում էին 6-7 տոկոս։ Այս ոչինչ չնշանակող գործուղումները, մեքենաները և այլն, ծախս են աղքատ երկրի քիչ եկամտից։ Պետք է ռացիոնալացնել ծախսային ուղղությունները»,-ասաց տնտեսագետը։
Վարդան Բոստանջյանը ՀՀ պաշտոնյաներին խորհուրդ տվեց համեստ ապրել, զուսպ ապրել, սեփական վերմակի չափով ոտք մեկնել։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․