կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-02 17:27
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեզուն մի ինստիտուտ է, որով մտածում ես․ Վարդան Բոստանջյան

Ամեն ինչը հայոց լեզվի հետ կապ ունի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով իր մասնակցությունը «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովին, որտեղ քննարկվում էր նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծով հայագիտական առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու մտադրությունը։

«Լեզուն մտածողություն է, հոգեբանություն է։ Լեզուները միավորել են որոշակի մարդկանց՝ ազգեր են ստեղծել և այդ ազգերը համախմբվել են, կոնսոլիդացվել են, ուղղորդվել են լեզվի միջոցով։  Հիմա անկախ նրանից՝ տնտեսագետ ես, իրավաբան ես, թե մի այլ մասնագետ, պետք է քո լեզուն իմանաս ու սիրես։  Որովհետև եթե անգամ դու խոշոր մասնագետ էլ չես, լեզուն մի ինստիտուտ է, որով դու մտածում ես»,-ասաց նա։

Ավելի վաղ  Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի պատասխանատվության ներքո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը՝ բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, առանձին մտավորականների և քաղաքագետների մասնակցությամբ: 

ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստները, բուհերի ուսանողադասախոսական կազմը այս օրերին պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ բողոքելով նրա՝ հայագիտական առարկաների դերը նվազեցնելու, ազգային արժեքները պատշաճ չհարգելու քաղաքականության դեմ։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում․