կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 02:30
Տնտեսական

Բարձր գնաճն առաջիկայում Հայաստանի "կինն" է լինելու

Բարձր գնաճն առաջիկայում Հայաստանի "կինն" է լինելու

Այսօր Հայաստանը, տնտեսական քաղաքականության վարման առումով, հասել է ծայրահեղ սահմանին: «Եվ ինձ մնում է գլուխս բռնել ու ասել` էս ինչ օրն ենք ընկել»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի այսօր հրավիրած` «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

 

«Բոլոր կենտրոնական բանկերի թիվ մեկ խնդիրը գների կայունության ապահովումն է: Հայաստանում էլ է այդպես, բայց միայն ԿԲ-ը չէ, որ պատասխանատու է գների կայունության համար. մեր կառավարությունը ձեռքերը լվացել է ու մի կողմ քաշվել: Եթե մեր երկրում իշխանությունն է քայքայված, կառավարման համակարգերն են քայքայված, ու որեւէ օղակ իր անելիքով չի զբաղվում, իհարկե, այսպես էլ պետք է լիներ, եւ սրանում բնավ էլ չպետք է մեղադրել ԿԲ-ին կամ դնել` օրենքները փոխել»,- նշեց Բ. Ասատրյանը` հավելելով, որ մենք բաց ենք թողել 10 տարի ու ոչինչ չենք արել, եւ հիմա անհրաժեշտ է գնալ կառուցվածքային բարեփոխումների:

 

Տնտեսագետը կանխատեսեց, որ բարձր գնաճային ճնշումներն առաջիկայում Հայաստանի կինն ու ուղեկիցն են լինելու: «Բայց վիճակը ողբերգական չէ, մենք ավելի վատ օրեր էլ ենք տեսել»,- նկատեց նա ու հավելեց, որ իրեն ապշեցնում է այսօրվա իշխանությունների չաշխատելու կամ աշխատելու ցանկություն չունենալու հանգամանքը:

 

ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանն էլ նշեց, որ կառավարելի գնաճը կարող է նույնիսկ օգտակար լինել տնտեսությանը, եւ «պետք է հասկանանք, որ եթե արհեստական ճանապարհով զսպում ենք, օրինակ, շաքարավազի գնաճը, ապա դա կառաջացնի լուրջ խնդիրներ»: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ ավելի լավ է տնտեսությունը լինի մրցակցային, բայց գինը բարձր, քան մոնոպոլ, եւ գինը ցածր:

 

Անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը չհամաձայնեց քննարկման ընթացքում հնչած որոշ մտքերի հետ: Նրա կարծիքով` այսօրվա իրավիճակն այնքան օրհասական չէ, որ նման ծայրահեղ գնահատականների արժանանա: «Եթե դուք նկատի ունեք Հայաստանում ձեւավորված գների մակարդակը, ապա իմացեք, որ այլ երկրներում ավելի վատ վիճակներ կան»,- ասաց նա` նշելով, որ կառավարության եռանդուն ու ավելի երիտասարդական գործելաոճն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում:

 

Քննարկմանը հետեւում էր նաեւ «Սիվիլիթասի» հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասաց, որ այսօր մեր կառավարության հիմնական թիմը կենտրոնական բանկային մտածողություն ունի` վարչապետը, որ ԿԲ-ի նախագահ է եղել, էկոնոմիկայի նախկին նախարարը,  այսօրվա ֆինանսների նախարարը:

 

Ըստ նրա` կառավարությունը չի կարողանում կանխատեսել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել տնտեսությունը ճիշտ ուղու վրա դնելու համար: Վ. Օսկանյանը Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրեց որպես ճգնաժամային: