Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունեցել Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով հերթական դատական նիստը: «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել անձնական երաշխավորությամբ:
Պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Արթուր Սարգսյանը միջնորդել են դատարանին իրենց երաշխավորությամբ փոխել Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը:
Նշենք, որ անձնական երաշխավորությունը խափանման միջոցի փոփոխման կարևոր ինստիտուտ է և տվյալ իրավիճակում մեծ դեր է խաղում նաև երաշխավորություն ներկայացրած անձանց հեղինակությունն ու կենսագրությունը: Իսկ այս դեպքում խոսքը գնում է վստահության մանդատ ստացած պատգամավորների մասին, որոնք, ըստ էության, իրենց երաշխավորությամբ հաստատում են, որ Առուշ Առուշանյանը պատշաճ վարքագիծ է դրսևորելու:
Հարկ է նշել նաև, որ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ելույթում ընդգծել է, որ նա երաշխավորությունը ներկայացնում է նաև որպես հերոսի հայր: Նա, մասնավորապես, ասել է. «Նույնիսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի, որ Առուշ Առուշանյանը կարող է Նազարյան Գեղամի երաշխավորությունը անիրատեսական վարկածով անտեսել, բայց փաստ է, որ Առուշանյանը՝ որպես պատերազմի մասնակից, չի կարող դրժել իմ հերոս որդու՝ Աբգարի խոստումը»:
Միջնորդության ներկայացման ժամանակ որպես կարևոր հանգամանք, նշվել է նաև, որ խափանման միջոցի փոփոխությունը ուղղակիորեն կապված է նաև համայնքի հետ: Առուշ Առուշանյանը, չնայած քրեական հետապնդմանը, ընտրված համայնքի ղեկավար է և համայնքի շահերից է բխում, որ խափանման միջոցը՝ կալանավորումը վերացվի, քանի որ համայնքային խնդիրներին ևս պետք է անդրադարձ կատարվի։
Դատարանը, լսելով միջնորդութունը, կայացրել է որոշում, որը, ըստ իրավաբանների՝ դատական պրակտիկայում չլսված երևույթ է՝ ի դեպ, ոչ միայն ներպետական, այլև եվրոպական: Դատավորը որոշել է չլուծել միջնորդությունը, այլ՝ անդրադառնալ դրան խորհրդակցական սենյակում, երբ կգա վերջնական դատական ակտի կայացման փուլը:
Նկատենք, որ խափանման միջոցը անհապաղ լուծման ենթակա միջնորդություն է, որը պետք է կա՛մ բավարարել, կա՛մ մերժել:
Ինչի՞ մասին է հուշում դատավորի նման որոշումը, ինչպե՞ս են նման որոշումները անդրադառնալու ՀՀ հեղինակության վրա, ինչպե՞ս է դրանից տուժելու իրավական համակարգը: Հարցեր են, որոնք պատասխաններ կստանան առաջիկայում, բայց հետաքրքիր է նաև, թե ինչպես այս դեպքում կարձագանքեն միջազգային կառույցները, որոնք անդադար հորջորջում են, որ իրենց համար օրնենքն ու իրավունքն առաջնահերթություն են: