|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Ուկրաինայում, տեղի հայկական կառույցների տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր զոհված հայերի թիվն արդեն 11 է։ Ըստ այդ երկրի հայերի միության՝ երեկ Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ նրանց սնունդ և դեղորայք հասցնելով։
Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։
«7-ը խաղաղ բնակիչներ են` ազգությունով հայ, 3-ը, այսպես ասած, զինվորականներ: Առաջին զոհը Խերսոն քաղաքում էր, որից արդեն 10-15 օր անցել է, ունենք Չոնգար քաղաքում, Մարիուպոլ քաղաքում», - Ազատությանը հայտնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:
Ուկրաինայում հայերի թիվը մինչև պատերազմը մոտ 350 հազար էր, թե նրանցից քանիսն է վերջին 3 շաբաթների ընթացքում կարողացել լքել պատերազմող երկիրը, հայտնի չէ։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասում է` փորձում են հասկանալ, թե քանիսն են մնացել։
Դիմել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը, բայց վերջինս գերծանրաբեռնված է և հնարավորություն չունի նման վիճակագրություն վարելու. «Շատ դժվարանում են գոնե ազգանուններով անջատել ամբողջ ցուցակից, որ առանձին ցուցակ մեզ համար կազմեն»: