Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ լարվածություն է նկատվում։
168.am-ի նկարահանող խումբը երեկ շրջել է Վեդիում և հարակից բնակավայրերում, զրուցել մարդկանց հետ և փորձել է պարզել, թե ինչ տրամադրություններ են տիրում համայնքում։ Բնակիչները պատմեցին, որ 2 շաբաթ առաջ մեկնարկած քարոզարշավը դեռ ակտիվ փուլ չի մտել, ամեն ինչ հանգիստ է ընթանում, սակայն, ինչպես վստահեցնում էին Վեդիում մեր զրուցակիցները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը կոնկրետ ցուցումներ է տվել ոստիկանությանը և իր «մանկլավիկներին»։
«Կոկորդիլոսագետ Գարիկը ոստիկաններին ցուցակ է ներկայացրել ու հրահանգել, որ նշված անձնաց ավտոմեքենաներն ամեն պահի խուզարկեն։ Կանգնեցնում են իբր ամրագոտու համար, բայց ամբողջ մեքենան խուզարկում են։
Մի ուշագրավ բան էլ ասեմ։ Մարտի 16-ի գիշերն ինչ-որ անհատ կամ խմբակ Վեդիում կրակոցներ է արձակել «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական պաստառի վրա, որը փակցված է խանութի ճակատային հատվածում։ Բացի պաստառից, կրակել են նաև խանութի ապակե դռան և պատուհանի վրա․․․ Հաջորդ օրն առավոտյան են տեսել մարդիկ, երբ գնացել են խանութը բացելու»։
Վեդիի բնակիչն ասաց, որ ոստիկանությունը դեպքի առնչությամբ արձանագրություն է կազմել, սակայն միայն խանութի դռան և ապակու կրակոցի վերաբերյալ, իսկ նախընտրական քարոզարշավի պաստառին 2 կրակոց արձակելու վերաբերյալ ասել են՝ «Եկեք չքաղաքականացնենք»։
Քաղաքացին ասաց, որ կասկածներ ունեն, թե կոնկրետ ում հրահանգով է կատարվել հանցագործությունը․
«Ես մտածում եմ, որ սա Գարիկ Սարգսյանի մանկլավիկների՝ փոքրիկ կոկորդիլոսիկների ձեռքի գործն է, թե սրանով ի՞նչ են ուզում ասել, չգիտեմ, բայց մենք՝ Վեդիի ժողովուրդը, չենք ընդունում իրենց, ու սա ևս մեկ պատճառ է, որպեսզի այս ընտրություններին մերժենք նրանց բեսպրեդելային պահվածքը, թող հեռանան Վեդիից»։
168.am-ն այսօր կապ հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության հետ պաշտոնական տեղեկություն ստանալու նպատակով, մեզ հայտնեցին․
«Մարտի 17-ին ժամը 12։15-ին քաղաքացուց բանավոր հաղորդում է ստացվել բաժին, որ մարտի 16-ին, ժամը 19։00-ից մինչև ամսի 17-ի 10։00-ն ընկած ժամանակահատվածում վնասվել են Վեդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող իր խանութ սրահի դռան և պատուհանի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։
Այս պահին վնասի չափը պարզվում է, Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում հանգամանքները պարզելու համար»։
Ստացվում է, որ, ինչպես Վեդիի բնակիչն էր մեզ հայտնել, ոստիկանությունը «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական պաստառի վրա 2 կրակոց արձակելու դեպքը չի արձանագրել։
Աղբյուրը՝ 168.am