կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 23:27
Հասարակություն

Արցախի սահմանամերձ գյուղերում մարտական տրամադրվածությունը ոգևորիչ էր. Արթուր Խաչատրյան

Արցախի սահմանամերձ գյուղերում մարտական տրամադրվածությունը ոգևորիչ էր. Արթուր Խաչատրյան

Մարտի 17-ին աշխատանքային այցով Արցախում էին գտնվում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ  Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը: Նրանք այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, որտեղ անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների հետևանքով լարված է եղել սահմանային իրավիճակը, ինչպես նաև հանդիպումներ ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ այցը 3 նպատակ ուներ: Առաջին հերթին «ԱՀ և ՀՀ խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցության ստեղծումն է, քանի որ ՀՀ 8-րդ  գումարման ԱԺ-ի և ԱՀ ԱԺ-ի միջև կապեր չկան: Եթե իշխանությունները հրաժարվում  են այդ առաքելությունն իրականացնելուց, ապա գոնե ընդդիմությունը պարտավոր է լրացնել այդ բացը՝ իր հնարավորությունների շրջանակում: Մյուսը՝ տեղում ծանոթանալ ստեղծված կացությանը, հանդիպել մարդկանց հետ: Իհարկե, մենք ամենօրյա կապ ունենք մեր կուսակցական ընկերների հետ, սակայն հանդիպել, տեսնել — խոսելն այլ նշանակություն ունի: Այցելեցինք Խրամորթ, Խնապատ, խոսեցինք մարդկանց հետ, ցույց տվեցինք, որ Հայաստանում ընդամենը մի փոքր մասն է, որ փորձում է օտարվել Արցախից: Զգալի թվով հայրենակիցներ Հայաստանի ապագան առանց Արցախի չեն պատկերացնում»,-ասել է Ա. Խաչատրյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպում են ունեցել ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների հետ, այցելել Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, ԱՀ ԱԺ-ում հանդիպել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ 4 խմբակցությունների պատգամավորների հետ:


.

«Քննարկեցինք օրակարգային խնդիրներ, անդրադարձանք ստեղծված իրավիճակին և օրենսդիրի մակարդակով հարաբերությունների ստեղծմանն ու սերտացման հնարավորություններին»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքներ այցելությունը իրենց շատ ոգևորեց, քանի որ տեսան մարդկանց մարտական տրամադրվածությունը և խուճապային տրամադրությունների բացակայությունը:

«Մեզ համար ոգևորիչ էր, հատկապես, երբ մեզ բոլորիս ճանաչեցին նշյալ գյուղերում. ուրեմն՝ հետևում են մեր գործունեությանը: Համոզվեցինք, որ գյուղերի բնակիչներն էլ հասկացան, որ եթե եկել ենք, ուրեմն՝ մտահոգ ենք այդ գյուղերի և առհասարակ Արցախի ճակատագրով»,-ասել է Ա. Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյան

aparaj.am

 

Տես նաև՝  «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելում են Արցախ:

Տես նաև՝  «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Խրամորթ և Խնապատ համայնքներ:

Տես նաև՝  Համախմբել բոլոր առողջ ուժերն ի շահ Հայաստանի և Արցախի․ «Հայաստան» խմբակցությունն Արցախում է:

Տես նաև՝  Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներին:

Տես նաև՝  Հանդիպել են ԱՀ ԱԺ խմբակցությունների և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: