կարևոր
17506 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-10 17:05
Քաղաքական

Ահազանգ. Շիրակի մարզում փակվելու են 40 ավելի դպրոցներ, մի քանիսը՝ սահմանամերձ գյուղերում. պատգամավոր

Ահազանգ. Շիրակի մարզում փակվելու են 40 ավելի դպրոցներ, մի քանիսը՝ սահմանամերձ գյուղերում.  պատգամավոր

ՀՀ-ի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քաոս է և խառնաշփոթ իրավիճակ։

ՀՀ-ի գործող իշխանություններն ամբողջ ուժով փորձում են տրամաբանական ավարտին հասցնել «բարեփոխումները» կրթական ոլորտում, որոնք կյանքի կոչվեցին 2018 թվականի իշխանազավթումից անմիջապես հետո և ավելի մեծ թափով շարունակվեց, երբ «սուպեր» նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը։

Տիկին նախարարի ընթացիկ «բարեփոխումների» առանձնահատկություններից ամենակարևորը մեր կրթական համակարգից ազգայինի դուրսմղումն է։ Մեր թշնամիներին հաճոյանալու համար իշխանությունները վարում են հայկականը կրթական, մշակութային, հոգևոր կյանքից իսպառ հեռացնելու քաղաքականություն։

Նրա օրոք է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով, այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» համաձայն Շիրակի մարզում փակվելու են 40 ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում են սահմանամերձ գյուղերում։ Հասկանալի է, որ երեխա ունեցող երիտասարդ ընտանիքները չեն ապրելու այնտեղ, որտեղ երեխան սովորելու հնարավորություն և տեղ չունի, և նրանցից ճնշող մեծամասնությունը կլքի ոչ միայն գյուղը, այլև երկիրը։

Նրա օրոք է, որ տպագրվեց Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը, որը ոչ մի կապ չունի մեր պատմության հետ։ Պատմության նման կեղծ դասագիրքը լուրջ վտանգում է նաև Սփյուռքում հայապահպանության գործընթացին։

Նրա օրոք է, որ դպրոցները կարող են ամիսներով տնօրեններ չունենալ (Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը վառ օրինակ)։

Վերջին օրերին իրենց բողոքի ձայն են բարձրացել միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները (որոնց մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի ուսուցիչները), որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով կամավոր ատեստավորման արդյունքները:

Նրանցից մեծ մասին ազատել են աշխատանքից՝ հնարավորություն չտալով երկրորդ անգամ մասնակցել ատեստավորմանը։

Ավելորդ լարվածությունից խուսափելու համար, կոչ եմ անում ՀՀ-ի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին քննարկել և վերանայել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը։

Մեր երկիրը, ապազգային իշխանությունների անհեռանկար քաղաքականության շնորհիվ արագորեն կորցնում է իր կրթական և գիտական ​​ներուժը, և կրթական «բարեփոխումները» ևս մեկ քայլ կլինեն երկրի ազգային ներուժը ոչնչացնելու համար։

 

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր