Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարաքար խոշորացված համայնքի 8 վարչական շրջաններից բնակիչներ ակցիայի են հավաքվել կառավարության շենքի առջև՝ իրենց բնակավայրերի պաստառները բռնած։
Փարաքար համայնքի ղեկավարի՝ «Ապրելու երկիր» խմբակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը Yerkir.am-ին ասաց՝ վաղը առաջին ատյանի դատարանը հրապարակելու է որոշումը իրենց բողոքի գործով, և եկել են պահանջելու , որ ՀՀ կառավարությունը չմիջամտի դատական համակարգի աշխատանքին։
«Այսօրվա մեր բնակչության պահանջն այն է, որ կառավարությունը օրենքի 69-րդ կետով կատարի իր պարտավորությունը՝ դադարեցնի Փարաքարի ավագանու լիազորությունները, քաի որ կառավարությունը չի կատարում այդ կետը։ Դիմում ենք՝ պատասխաններ են գրում, որ դիմենք դատարան։ Մենք էլ դիմել ենք, վաղը կունենանք առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այսօրվա մեր հավաքի նպատակն այն է, որ կառավարությունը չմիջամտի դատական համակարգի աշխատանքին, թողնի դատական համակարգը անկախ, որ դատարանն իր որոշումը ճիշտ կայացնի»,-ասաց Վոլոդյա Գրիգորյանը։
Նա պարզաբանեց, որ դեկտեմբերի 20-ին ինքն ընտրվել է որպես Փարաքար համայնքի ղեկավար, բայց արդյունքը բողոքարկվել է և դատարանը այն չեղյալ է ճանաչել։ Հետո, ինչպես օրենքն է պահանջում, 14 օրում չի ձևավորվել համայնքի ղեկավարի պաշտոնը, և կառավարությունը պարտավոր էր դադարեցնել ավագանու լիազորությունները և նոր ընտրություններ կազմակերպել այդ համայնքում, բայց չի դադարեցրել։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ձևավորվել է դատարանի վճռից հետո 17-րդ օրը, քանի որ մի քանի նիստ մինչ այդ չի կայացել, իսկ երբ կայացել է, նրա համոզմամբ, բազմաթիվ խախտումներով է ընտրվել համայնքապետ․ որոշվել է, որ համայնքի ղեկավարումը համատեղ կառավարմամբ է լինելու՝ ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուների մասնակցությամբ՝ առաջիկա 5 տարիներից 2,5 տարին կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։։
Վոլոդյա Գրիգորյանն ասաց՝ իրենք մտավախություն ունեն, որ կառավարությունը դատարանի վաղվա որոշմանն էլ կմիջամտի։
«Դատական նիստին ներկա գտնվելով՝ չհասկացողն էլ հասկանում է, որ այդտեղ ճնշում կա»,-ասաց Վոլոդյա Գրիգորյանը։
Yerkir.am-ը հետաքրքվեց՝ ճի՞շտ է, որ ընտրությունների օրերին ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կանչել է Վոլոդյա Գրիգորյանին և ասել՝ միացիր մեզ և կլինես Փարաքարի ղեկավար։
«Չեմ կարող ստել՝ հանդիպել եմ Սուրեն Պապիկյանի հետ, բայց մնացած այդ հարցերին կուզենայի չպատասխանել»,-ասաց Վոլոդյա Գրիգորյանը։
Ըստ մեր տեղեկություների նա հանդիպել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, որը պարտավոր է չխառնվել ՏԻՄ-երի աշխատանքին։
Վոլոդյա Գրիգորյանը խուսափեց պատասխանել նաև այս հարցին՝ ասելով, որ մանրամասները կառավարությունը շատ լավ գիտի, բոլորին պարզ է, թե ինչ միջամտություններ կան։
Մանրամասն՝ տեսանյութում․