կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 16:08
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավոր Ազարյանի մասին ԲԴԽ որոշումը վկայում է դատական համակարգի անկախության մասին․ Մխիթար Պապոյան

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ես չեմ կարծում, որ որոշումը հանրային քննարկումների արդյունք էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին իրավաբանական համայնքի՝ սոցցանցերում սկսած ֆլեշմոբի մասին, որով աջակցում են դատավոր Ազարյանին։

«Գիտեք, ես բացառում եմ, ցանկացած հանրային քննարկում որևէ ազդեցություն դատավորի նկատմամբ չի ունենում։ Ես չեմ կարծում, որ այդ որոշումը դրա արդյունքն էր»,-ասաց նա։

Նա դժվարացավ ասել, արդյո՞ք ԲԴԽ-ի այս որոշմամբ պայմանավորված դատավորներն ավելի անկաշկանդ կլինեն. «Ցանկացած նմանատիպ որոշման բովանդակությունից է կախված։ Այս պահին ինչպես դուք, այնպես էլ ես՝ չգիտեմ»։

Այս որոշումը վկայո՞ւմ է դատական համակարգի անկախության մասին՝ հարցին ի պատասխան Մխիթար Պապոյանն ասաց․ «Իհարկե։ Ոչ միայն այս որոշումը, այլ բազմաթիվ այլ դատական որոշումներ»։

ԲԴԽ-ն ապահովո՞ւմ է դատավորների անկաշկանդությունը՝ հարցին, Պապոյանը պատասխանեց. «Որոշ դեպքերում համակարծիք եմ, որ անում է ամեն ինչ, որոշ դեպքերում էլ միգուցե թերացել է, սակայն այս պահին ես չեմ կարող ասել՝ որ դեպքում եմ գտել լավ կամ վատ… շատ բարդ աշխատանք է իրենից ներկայացնում»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրած հաղորդման պատճառով։ Հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ազարյանը հայտարարել էր, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

Մանրամասն՝ տեսանյութում․