կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 15:45
Հասարակություն

2022-ին Հայաստանի աղբավայրերում գրանցվել է 82 հրդեհ. ԱԻՆ

2022-ին Հայաստանի աղբավայրերում գրանցվել է 82 հրդեհ. ԱԻՆ

2020 թվականին հանրապետության տարածքում գտնվող աղբավայրերում բռնկվել է թվով 89 հրդեհ, 2021թ.-ին՝ 82, իսկ 2022թ.-ին արդեն իսկ 2 հրդեհ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ մինչև հրդեհավտանգ սեզոնի սկսվելը Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է հանդիպում «Հրդեհների առաջացումը թեմայով»: Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի խոշոր աղբավայրերի տնօրեններ, շահագրգիռ այլ կողմեր: Հանդիպումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

ՓԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ խնդիրը համակարգային է և պահանջում է բոլոր պատասխանատու կողմերի ակտիվ ներգրավվածությունը դրա լուծման ուղղությամբ: Հակահրդեհային անհրաժեշտ միջոցառումների բացթողումների հետևանքով հարցը վերջնական լուծում չի ստանում:

«Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով ամրագրված է, որ կազմակերպությունները պարտավոր են ապահովել անհրաժեշտ ուժեր, հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ինչպես նաև համապատասխան ինժեներական տեխնիկա և աշխատակիցներ: Թեև Փրկարար ծառայությունը աղբավայրերում բռնկված հրդեհներին արձագանքելու և մարելու գործառույթ չունի, այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի լրջությունը, դրա վտանգները, անմասն չի մնում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից՝ կենտրոնացնելով մեծ քանակությամբ ռեսուրսներ:

2021 թվականի մայիսի 22-ից 30-ը և հունիսի 5-ից 28-ը Մասիս քաղաքի աղբանոցում բռնկված հրդեհների մարման աշխատանքների համար ներգրավվել է 7 հրշեջ-փրկարարական ջոկատ, ընդհանուր թվով՝ 192 ծառայող, օգտագործվել է 8800 տոննա ջուր: Մեկ այլ դեպքում՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական բոլոր ջոկատները, ընդհանուր թվով՝ 376 ծառայող, օգտագործվել է 3847 տոննա ջուր:

Եղել են դեպքեր, երբ նույն աղբավայրում հրդեհի դեպք է գրանցվել օրը մի քանի անգամ:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հարցի կարգավորման հրատապությունը: Աղբավայրերը շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ խնդիրը համակարգային է, առկա է ինչպես թափոնների կառավարման, այնպես էլ ուժերի և միջոցների համալրման կարիք: