կարևոր
3652 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-11 18:43
Հասարակություն

44-օրյային ԱԻՆ փոխնախարար ոմն Արմեն Փամբուխչյանը պատասխան կտա ԱԻՆ-ի քայլերի համար. Հոխիկյանը՝ փոխքաղաքապետին

44-օրյային ԱԻՆ փոխնախարար ոմն Արմեն Փամբուխչյանը պատասխան կտա ԱԻՆ-ի  քայլերի համար. Հոխիկյանը՝ փոխքաղաքապետին

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«2020-ի հոկտեմբերի վերջին Արցախ եկան ՀՀ ԱԻՆ փակ բեռնատար մեքենաներ' բերելով հումանիտար ապրանք' կարտոֆիլ, կաղամբ և նման այլ սնունդ։ Մեր ջոկատը, որ Արցախի տարբեր վայրերում զբաղված էր զորքի համար սննդի ու զենքի բեռնաթափումներով ու տեղափոխումներով, փոխգնդապետից առաջադրանք ստացավ մեկնել Ննգի գյուղի ճանապարհին կառուցված պահեստ և օգնել ՀՀ ԱԻՆ -ի աշխատողներին։

Մեքենաները դատարկելուց հետո ԱԻՆ -ի մեքենաների վարորդները ասացին, որ պիտի դատարկ վերադառնան, քանի որ Բերձորում մարդկանց պիտի վերցնեն։ Մեր ջոկատից Հայկը թույլտվություն ուներ 2 օրով Երևան գնալու։ Խնդրեցինք, ԱԻՆ -ի մեքենաներից մեկով մեկնեց։

Ճանապարհին զանգեց, թե խայտառակություն է։ Բերձորի մոտ մեծ թվով դասալիքներ լցվել են ԱԻՆ փակ բեռնատարները և գնում են Երևան։ Վարորդները արդարանում էին, թե հրամանը վերևից է։ Ես ինքս մեկնեցի Ստեփանակերտ և Արցախի ԱԻՆ ծառայողներին տեղեկացրի խնդրի մասին։ Մտահոգվեցին։ Խոստացան զբաղվել այդ հարցով, բայց օրեր անց աշխատանքից ազատվեցին։

Այդ օրերին ՀՀ ԱԻՆ փոխնախարարը ՔՊ -ական Արմեն Փամբուխչյանն էր, ով այդ պաշտոնին նշանակվել էր պատերազմից մեկ շաբաթ առաջ ու համակարգում էր ԱԻՆ մի շարք աշխատանքներ։

Հիմա նույն անձը սպառնում է դիմել համապատասխան մարմիններին, որ ճշտեն իմ խոսքի իսկությունը' ինձ անձնապես վիրավորելով ու մեղադրելով ստախոսության մեջ։

Ես հասկանում եմ, որ քանի դեռ Հայաստանում գործում է ՔՊ -ի անբարո և անհայրենիք իշխանությունը, չի կարող լինել ոչ արդարադատություն, ոչ էլ ճշմարտության բացահայտում, բայց կրկնում եմ խոստումս' իշխանության մեջ դեռ իրեն չգտած ոմն Արմեն Փամբուխչյանը, ով պատերազմի օրերին ԱԻՆ փոխնախարար էր, պատասխան կտա ԱԻՆ -ի կողմից արված բոլոր քայլերի համար։

Եթե կուզեք այլ մանրամասներ, իրավապահ մարմիններին առաջարկում եմ ընթացք տալ, գուցե գործ հարուցել, ճիշտ նույնկերպ, ինչպես հարուցվեց ու հասկանալի պատճառներով կիսատ մնաց Դանիել Իոաննիսյանի քրոջ թեմայով։ Դա՞ էլ եք ուզում վերաբացել' նախագահականի պատի հաստությունը, էլեկտրացանցը, Շուշին։ Դա էլ էիք համարում սուտ, բա ինչո՞ւ կոծկեցիք»։