Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաքել է բանակի ղեկավար կազմին, խոսել ՀՀ զինված ուժերի կողմից, իբրև թե, սադրանքների մասին, և հանձնարարականներ տվել Ղարաբաղում տեղակայված զորամասերի հրամանատարներին։
Ի՞նչ հանձնարարականների մասին կարող է խոսք լինել՝ հարցը ճիշտ կլիներ ուղղել ռուս խաղաղապահներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
«Նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի և նրա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը լուծում է Ռուսաստանը իր խաղաղապահ զորքերի միջոցով։ Եթե Զաքիր Հասանովը պատրաստ է մարտնչել ռուսական զորքերի դեմ, ապա դա զուտ նրա խնդիրն է, Հայաստանը սրա հետ առանձնապես կապ չունի»,-ասաց նա։
Արմինե Ադիբեկյանը, սակայն, նկատեց, որ ադրբեջանցիները կարող են Արցախի պատրվակով, իբրև թե Արցախում Հայաստանն ուզում է սադրանքներ սկսել, իրենց զորքերը մտցնել ՀՀ տարածք։
«Այսինքն, դա օգտագործեն որպես պատրվակ և ավելի խորանան մեր տարածքում, որովհետև նրանք Երասխում ինժեներական աշխատանքներ են կատարում և հաստատ պատրաստվում են այդտեղից գրոհ կատարել։ Եվ, իհարկե, Տավուշի հատվածը, որը գեներալ Խաչատուրովի պաշտոնանկման հետևանքով գլխատվել է և անհայտ ճակատագրի է մատնվել»,-ասաց ադրբեջանագետը։
Հայաստանից որևէ լուրջ արձագանք նա դժվարանում է ակնկալել։
«Իսկ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը, ով կարող է բարձր մակարդակի վրա, պրոֆեսիոնալ հակադարձել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այդ մարդիկ մեռան վիրավորելով, սադրելով, անհեթեթ պրետենզիաներ ներկայացնելով, իսկ հայկական կողմը քար լռություն է պահպանում։ Ի՞նչ պետք է լինի, կամ ո՞վ կա, որ կկարողանա Զաքիր Հասանովին տեղը դնել»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։
Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները՝ հարցին, ադրբեջանագետը պատասխանեց՝ ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ, հենց հիմա վար դնեն իրենց իշխանական մանդատը, հրաժարվեն իշխանությունից և իշխանության հրավիրեն մարդկանց, ով ի վիճակի է այս իրավիճակում գործել՝ հա՛մ պատասխան տալ, հա՛մ դիմել համապատասխան միջազգային ատյաններին, որ կարողանան օգնել մեզ մեր պայքարում։
«Այս ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները ոչ մի անելիք չունեն զուտ տգիտության, անզորության և բանի պիտանի չլինելու պատճառով»,-ասաց նա։
Սահմանամերձ Կութ գյուղի բնակիչները ադրբեջանցիների պատճառով ոչ միայն չեն կարողանում տեխնիկա մտցնել և հնձել իրենց խոտը, այլև ՀՀ իշխանությունները նրանց դեռ չեն փոխհատուցել ադրբեջանցիների գողացած 80 գլուխ անասունի դիմաց․ Արմինե Ադրբեկյանը նկատեց՝ իսկ ո՞վ պետք է հատուցի Կութի գյուղացիներին, եթե հատուցեն՝ բա այս ձրիակերներին որտեղի՞ց պարգևավճար վճարեն։ Հայաստանն արդեն երկու տարի է՝ եկամուտ չունի, նշեց ադրբեջանագետը, Հայաստանը ուտում է նախկին իշխանությունների ժամանակ կուտակված ռեսուրսները, հիմա եթե գյուղացուն հատուցեն, բա պարգևավճարները որտեղի՞ց են տալու։
Աննա Բալյան