կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 20:13
Հասարակություն

Շուրջ 315 դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը հաստատվեց իշխող խմբակցության ձայներով

Շուրջ 315 դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը հաստատվեց իշխող խմբակցության ձայներով

Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց ու ընդունեց «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը: Այն ընդունվեց 65 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ըստ համաձայնագրի` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն հատուկ փոխառության իրավունք (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա պահուստային ծրագիր` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: 

Բյուջետային աջակցության վարկի ընդհանուր արժեքն է շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար):

Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով` վարկային միջոցները բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար են: Ըստ նրա` վարկային միջոցների կարիք առաջացել է կորոնավիրուսի համավարակի դեմ տնտեսական խթանների օգտագործման համար, իսկ երկրորդ փուլով ներգրավվող վարկը նույնպես դեֆիցիտի լրացմանն է ուղղվելու:

Վարկի մարումը կատարվելու է 8 հավասար եռամսյակային մարումներով՝ մասհանումից հետո 3.25 տարուց:

Վարկի տոկոսադրույքը բաղկացած է շուկայական ՀՓԻ տոկոսադրույքից, որն ունի նվազագույնը 0.05% շեմ, և մարժայից, որը սահմանվում է յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար (ներկայում՝ 1%), միասին՝ բազիսային տոկոսադրույք, և  հավելավճարից, ինչը կախված է չմարված վարկի գումարից և ժամանակից. քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում վճարվում է տոկոսադրույքի հավելավճար՝ 2% դրույքաչափով, իսկ եթե 3 տարի անց վարկը մնում է քվոտայի 187.5%-ից բարձր, ապա հավելավճարը դառնում է 3%:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով՝ նպատակը Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների համար գումար ներդնելն է, որպեսզի հետագայում այս եւ մյուս վարկային միջոցներն ավելի հեշտությամբ սպասարկվեն ու մարվեն:

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան վարկ վերցնելու նպատակահարմարությանը, փոխարժեքի տոկոսադրույքի տատանումների բացասական հետեւանքներին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, սակայն, վարկային այս միջոցները որեւէ կերպ չեն ֆինանսավորում ընթացիկ ծախսերը, այլ ներդրում է կատարվում ենթակառուցվածքների մեջ՝ հետագայում ՀՆԱ-ի ներուժն ավելացնելու նպատակով: